Մատչելիության հղումներ

Արցախի հարցը ՌԴ նախագահի հետ քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել. Փաշինյանը՝ Հարությունյանին


Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Լավ առիթ է, որպեսզի Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել, և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ»:

Արցախի նախագահն իր հերթին կարևորել է հետագա անելիքները՝ «անվտանգային և քաղաքական դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված»:

«Բավարարված եմ նրանով, ինչ մենք միասին քննարկել ենք, որն արդեն փաստաթղթավորվում և զուգահեռ կյանքի է կոչվում: Նաև ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով», - ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահն ընդգծել է, որ իրենք ևս կարևորում են Հայաստանի վարչապետի այցը Մոսկվա և «այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը, մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով և հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է»:

«Կարևոր է նաև արձանագրել, որ ռուսաստանյան խաղաղապահներն այսօր անվտանգության և կայունության ապահովման հիմնական գործող անձինք են: Այդ առումով, խաղաղապահների գործունեությունը, իհարկե, պետք է արձանագրել, որ շատ արդյունավետ է և պետք է հույս ունենալ, նաև համոզված եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի», - հավելել է Հայաստանի վարչապետը:

Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է. «Մենք գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, և կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր ենք իրականացրել, և շատ կարևոր է նաև այն որոշումը, որ մենք կայացրեցինք՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիր իրականացնելու հետ»:

Վարչապետն ընդգծել է, որ երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այս ծրագիրը մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի, համեմատելի ծրագիր է, եթե ոչ մի փոքր էլ ավելի:

Հիշեցնենք, երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը: Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ շատ գոհ է հանդիպման արդյունքներից:

XS
SM
MD
LG