Մատչելիության հղումներ

Ռուսական մամուլը նկատում է՝ հայ գերիների վերադարձի հարցում այս պահին լուրջ առաջխաղացում չկա


Ռուսական մամուլն անդրադարձել է Հայաստանի վարչապետի այցին Մոսկվա: Այսօր մի շարք հեղինակավոր պարբերականներ ծավալուն հոդվածներ են հրապարակել:

Հղում անելով Փաշինյանի երեկվա խոսքին հայ իրավաբանների հետ մոսկովյան հավաքի ժամանակ՝ ռուսական մամուլը գրել է, որ Հայաստանի վարչապետը գոհ է մնացել Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից, թեև որևէ փաստաթուղթ այդ բանակցությունների արդյունքում չի ստորագրվել:

Հիշեցնենք՝ երեկ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում ունեցած բանակցություններից և ճաշից հետո Նիկոլ Փաշինայնը հանդիպել է մոսկվայաբնակ հայ իրավաբանների հետ: Իր խոսքում Հայաստանի վարչապետը մասնավորապես ասել է. «Մենք քիչ առաջ ավարտեցինք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր հանդիպումը, բանակցությունները: 3,5 ժամվա ընթացքում մենք գործնականում օրակարգի բոլոր հարցերը և նրբությունները կարողացանք քննարկել, և կարող եմ ասել, որ շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Ընդհանուր առմամբ, իհարկե, կարող եմ ասել, որ Ռուսաստանի նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատված, և մանավանդ վերջին ամիսներին այդ հարաբերությունն իրենց բնույթով ավելի անմիջական են դարձել»:

Սրա հետ մեկտեղ ռուսական մամուլը նկատում է, որ հայ գերիների վերադարձի հարցում լուրջ առաջխաղացում չկա այս պահին, փոխարենը Մոսկվան խոստացել է Հայաստանին տրամադրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն այն քանակով, ինչքան որ անհրաժեշտ է Հայաստանին:

Ակնհայտ է մեկ բան՝ Մոսկվան մեծ ուշադրությամբ հետևում է ոչ միայն Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներին, այլ նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: «Կոմերսանտ»-ն, արձանագրելով, որ վերջին օրերին Պուտինը շփվել է և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է. «Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանում ներքաղաքական պայքարի առանցքային մասնակիցների և ոչ միայն նրանց հետ խոսում են Ռուսաստանի Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ մեծ ուշադրության մասին: Կրեմլի համար կարևոր է ոչ միայն պահպանել խաղաղությունը և ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում, այլև սկսել հակամարտության տարածաշրջանի տնտեսական վերակենդանացման գործընթացը: Խոսքը տրանսպորտային հաղորդակցություն, ապաշրջափակման և տնտեսական կապերի մասին է»:

Ռուսական պարբերականը պատահական չի համարում այն, որ մինչև Փաշինյան-Պուտին մոսկովյան բանակցությունները, կարճվել է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործը:

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ «Կրեմլը մի քանի անգամ պարոն Փաշինյանին հասկացրել է, որ չարժե հետապնդել նախկին նախագահին, բայց մինչ անցած շաբաթ այդ խնդրանքներն անտեսվում էին»:

Մեկ այլ ռուսական հեղինակավոր պարբերական՝ «Վեդոմոստի»-ն նույնպես անդրադարձել է Պուտին-Փաշինյան բանակցություններին և առանձնացրել բանակցություններին Փաշինյանի առաջարկը՝ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Պարբերականը նշում է, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1977-ին և նախատեսված է, որ այն կարող է աշխատել մինչև 2026 թվականը:

«Վերջին տարիներին կայանում անցկացվել են 300 միլիոն դոլար արժողությամբ արդիականացման աշխատանքներ, ինչը թույլ կտա, որ Մեծամորի ատոմակայանն աշխատի մինչև նախատեսված ժամկետը, ինչպես նաև կավելացնի ատոմակայանի հզորությունն ու անվտանգությունը», - գրում է «Վեդոմստի»-ն՝ հավելելով, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը կարժենա 5 միլիարդ դոլար:

XS
SM
MD
LG