Տասնամյակների անդորրից հետո կրկին սրվել է իրադրությունը Հյուսիսային Իռլանդիայում։ Նախօրեին բախումներ են տեղի ունեցել Բելֆաստի կենտրոնում։
Հյուսիսային Իռլանդիայի՝ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու կողմնակիցների կազմակերպած բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ ընդհարումների, որոնց ընթացքում առնվազն մեկ մարդատար ավտոբուս է հրկիզվել։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ բրիտանամետ ուժերի այս գործողությունների առիթը տեղական իշխանությունների վերջին գործողություններն են, որոնք հրաժարվել են տուգանել կաթոլիկների շահերը ներկայացնող «Շին Ֆեյն» կուսակցության ղեկավարներին հակահամաճարակային կանոնների խախտման համար։
Անցած շաբաթ «Շին Ֆեյն»-ը Բելֆաստի կաթոլիկական թաղամասում աջակիցներից մեկի հուղարկավորությունն էր կազմակերպել՝ անտեսելով մարդաշատ հավաքներ անցկացնելու՝ կառավարության սահմանած արգելքը։
Բացի այդ, Լոնդոնի և Բելֆաստի կապերի սերտացմանն աջակցող բողոքականները դեմ են «Բրեքզիթ»-ի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայի և Միացյալ Թագավորության մնացյալ տարածքի միջև առևտրային սահմանափակումների հաստատմանը։