Մատչելիության հղումներ

Քոչարյանը 2008-ին Մոսկվա այցից հետո մարտի 1-ն արեց, ջարդեց հրապարակում քնած մարդկանց. Արամ Սարգսյան


«Ազատության» հյուրը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է։

«Ազատություն»․ - Դատարանը երեկ կարճեց Մարտի -ի գործը։ Շա՞տ են հոռետեսական կամ չափազանցված այս առիթով հնչող գնահատականները, որ ինչ-որ իմաստով սա թավշյա հեղափոխության վերջին ակորդն էր

Սարգսյան․ - Ճիշտն ասած, ես դրան էդքան մեծ նշանակություն չէի տա, որովհետև դատարանների որոշումով չէ, որ մեր հանրությունը մտածում է էդ գործում մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը, թե չէ։ Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը եղած-ավարտված է ամբողջությամբ, մեղավորները, էն, ում վրա մեղքը ապացուցված է, պատժված են և բանտարկության մեջ են, բայց միևնույն է ժողովուրդը համարում է, որ էդ գործը բացահայտված չի։ Ու էստեղ մենք լուրջ խնդիր ունենք մեր դատական համակարգի կայացման հետ։ Մեր պետականության ամենամեծ բացթողումներից մեկն էլ նաև դա է, որ հանրության մոտ վստահություն չի ներշնչում ոչ առաջին ատյանի, երկրորդ աստիճանի կամ վճռաբեկ դատարանները, այլև Սահմանադրական դատարանը սկսել է լուրջ կասկածի տեղիք տալ իր տարբեր որոշումների առումով։ Ընդհանուր առումով դատախազությունը դրան պատասխանել է։ Ես չեմ մտնի իրավական վեճերի դաշտ։ Կարծում եմ, մեղադրանքը նաև տարբեր ուղղություններ ունի՝ սկսած պետական գույքի հափշտակությունից, վերջացրած պաշտոնեական դիրքի չարաշահումը և ապօրինի հարստացումը։ Նաև ակնհայտ է, որ մարտի 1-ին տասը մարդ է զոհվել, որ եղել է հրաման տվող, որովհետև էդ կրակողները ինքնագլուխ, իրենց հաճույքի համար հայ մարդը հայ մարդու վրա չի կրակել։ Հետևաբար էդ հրաման տվողների շարքով պիտի սկսվեր, պիտի սկսեն նրանից, թե ով է կրակել։ Իրենք գիտեն, թե տվյալ զինատեսակով ով որ փողոցում է նստած եղել և որ փողոցում ով է զոհվել։ Հետևաբար կարող էին բռնել էդ մարդուն ու ասեին՝ ինչի՞ ես կրակել։ Բնականաբար, էդ մարդը հո չէր ասելու՝ ուղղակի քեֆս տվեց, կրակեցի։ Պիտի ասեր՝ էսինչն է հրաման տվել։ Հետո էդինչին բռնեին՝ դո՞ւ ինչի ես հրաման տվել․․․ ու էսպես գործը գնար-հասներ մինչև վերև, կամ ինչ-որ մեկը իր վրա վերցներ, ասեր՝ հենց ես եմ հրաման տվել ու վերևը կապ չունի։ Այսինքը՝ գործի բացահայտումը ներքևից դեպի վերև գնալն է։ Եվ ես կարծում եմ, որ եթե ոչ հիմա, ապա ինչ-որ էտապի էդ գործը մինևնույն է, էնպես, ինչպես Հոկտեմբերի 27-ը համարվում է չբացահայտված, գնալու է դրա բացահայտման գործընթաց։ Եվ էն մարդիկ, ովքեր որ կասկածվում են, նորից շարունակելու են կասկածվել։ Էս որոշումը ոչինչ չտվեց։

«Ազատություն»․ - Իսկ ի՞նչ անել հեղափոխության հարուցած հույսերի հետ, վարչապետի հայտարարությունների, որ գործը բացահայտված է, որ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու։

Սարգսյան․ - Հեղափոխությունները հենց հիմնականում արվում են այդ կարգի կոչերով, որ գալու ենք, հների գողացածը վերցնելու ենք, բաժանելու ենք նրանց, ումից որ գողացել են․․․ Ռոբին Հուդից եկող բաներ են։ Եվ էդ պահանջարկը հեղափոխությունների հիմքում է դրված եղել միշտ, որի պարագայում էլ գալուց հետո սկսվեց էդ կոպեկ-կոպեկ հետ վերադարձնելու և այլնի խնդիրը, որը, իմ կարծիքով, շատ այլ կերպ պիտի լուծվեր։

«Ազատություն»․ - Քաղաքագիտական-վերլուծական որոշ շրջանակներում կա վարկած, որ այստեղ Ռուսաստանի մատն է խառը, դատարանի դիմադրությունը երկրորդական է, հենց Փաշինյանի թողտվությամբ Մոսկվան փակեց Քոչարյանի մեղադրանքը, ինքն էլ նախորդ օրը ռուսական պետական դաշնային հեռուստաընկերության եթերում արդեն ավետում էր դա։

Սարգսյան․ - Որ ժողովուրդը կարող է էդպես մտածել, էստեղ բնական արմատներ էլ կան, որովհետև ռուսական իշխանությունները աշխատում են միշտ շատ կոպիտ։ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին գնաց Մոսկվա, հետ էկավ, գնաց համալսարան՝ ուսանողների հետ հանդիպման, ու ասեց՝ իրենք նստելու են և երկար են նստելու․․․ սցենարը ներկայացրեց ու եկավ հրապարակում հանգիստ քնած մարդկանց ջարդեց։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG