Մատչելիության հղումներ

Գյումրիի բուժհաստատությունների օպտիմալացման ընթացքում բուժանձնակազմի կրճատումներ չեն լինի, վստահեցնում է «Գյումրի» ԲԿ-ի տնօրենը


«Գյումրի» բժշկական կենտրոնի շենքը

Գյումրիի բուժհաստատությունների օպտիմալացման արդյունքում գործազուրկներ չկան։ Ի տարբերություն նախկին օպտիմալացումների՝ այժմ միավորումը բուժհաստատությունների շենքերի և բուժանձնակազմի վրա չի ազդում, վստահեցնում է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Վերջինիս գլխավորած հիվանդանոցին են միացվել Գյումրիի ծննդատունը, ուռուցքաբանական դիսպանսերն ու պաթոլոգաանատոմիական լաբորատորիան:

Դեռևս 90-ականների վերջում մեկնարկած օպտիմալացման նախկին տարբերակով բուժհահաստությունները տեղափոխվում էին, շենքերը, դատարկ մնալով, քայքայվում, իսկ աշխատակիցների մի մասը՝ դառնում գործազուրկ:

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենը մատնացույց արեց իրենց հիվանդանոցին միավորված 2 բուժհաստատությունների շենքերը, որոնք 9 տարի է դատարկ են: «Այդ օպտիմալացման արդյունքում ազատված Սամարիտերի կամ Գյուլբենկյանի շենքերը․ «Գյումրի» կենտրոնում ունենք երկու շենք, մեկն՝ այգու մոտակայքում բարձիթողի վիճակում, չգիտենք վերջը էդ շենքն ինչ արվեց։ Հետևանքները տեսանք էդ շենքի՝ չօգտագործելը։ Եթե անում են, արագ թող տան, այնպես կառուցեն, որ օգտագործվի։ Այսինքն՝ էդ շենքն ի՞նչ է, ոչ մեկին պետք չի՞։ Փաստացի էդ տարիների ընթացքում օպտիմալացման պահն էսպես է արվել՝ «այ էս հիվանդանոցը փակենք կրճատման հաշվին՝ թե՛ մահճակալային ֆոնդի, թե՛ շենքը հանձնենք պետությանը, հիվանդանոցը փակենք, քույր, բժիշկ կրճատենք ու էդ քանակից ելնելով ստանանք ավելի քիչ ծախս՝ որակյալ իրավիճակ ստեղծել», - ասաց Իսահակյանը։

Օպտիմալացվող բուժհաստատությունների աշխատակիցների մտահոգությունն աշխատանքը չկորցնելն է: Դեռ անցած տարի ամռանը, երբ հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը միավորել «Գյումրի» ԲԿ֊ին, աշխատակիցները ծանուցագրեր էին ստացել աշխատանքից ազատվելու վերաբերյալ և հայտնվել անորոշ իրավիճակում:

Արմեն Իսահակյանը վստահեցնում է, որ բուժանձնակազմից կրաճատումներ չեն լինի, իսկ ադմինիստրատիվ աշխատակիցների կրճատումները չբացառեց:

«Եթե կրճատումներ են լինում էս ներկա օպտիմալացման ծրագրի մեջ, դա խոսքը գնում է կամ տնօրենների, կամ վարչական մասի՝ ոչ լրիվ, այլ մի մասի։ Շատ հաշվապահներ դեռևս նույնիսկ համակարգչով աշխատելու հնարավորություն չունեն, մի մասն էլ մի քանի տեղ է աշխատում։ Դա խոսում է այն մասին, որ մենք ոչ թե կրճատելու ենք այդ մարդուն, այլ այդ մարդը մի քանի տեղ աշխատելուց կընտրի մի տեղը ու կշարունակի իր աշխատանքները։ Կրճատում բուժական անձնակազմից, բժիշկներից չի լինելու։ Նույնիսկ այն բժիշկը, որը թոշակի է, այդ բժիշկը կարող է գալ իրավական պայմանագրով, եթե ունի ցանկություն, մինչև կյանքի վերջ մնա աշխատի», - ասաց Իսահակյանը։

Միավորված բուժհաստատությունները բուժսարքավորումների համալարման կարքի ունեին, բայց փող չունեին: Օրինակ՝ ուռուցքաբանական դիսպանսերում իրենց դարը վաղուց ապրած սարաքավորումներով էին հիվանդներին սպասարկում: Միավորման արդյունքում բուժհաստատությունը հանարավորություն կունենա «Գյումրի» ԲԿ֊ի ժամանակակից սարքավորումներից օգտվել նաև վիարահատություններ են նախատեսում ամցկացնել, հիվանդներին այլևս մայարաքաղաք հասնելու կարիք չի լինի:

Փակման շեմին էր գտնվում Գյումրիի ծննդատունը՝ կուտակած 120 մլն դրամ պարտքի պատճառով: «Գյումրի» ԲԿ֊ին միավորվելու արդյունքում հարկային պարատավորությունները զրոյացվել են, աշխատակիցների՝ ամիսներով չվճարված աշխատավարձը՝ վճարվել, ասում է Իսահակյանը:

«Էդ պահին, որ 120 միլիոնից խոսել ենք, ծննդատունն ուներ մոտավորապես 15 միլիոն հարկային պարտավորություն, որն այս պահի դրությամբ զրո է։ Էդ պահի դրությամբ մենք նաև ունեցել ենք աշխատավարձի ուշացում, որը հիմա չկա։ Այսինքն՝ մենք արդեն կանգ ենք առել, մենք փակել ենք և նաև ծնունդների աճ ունենք, ասեմ, որ անցած տարվա վերջին էս ամիսը 18-ից մինչև հիմա 41 ծնունդ, պատկերացրեք ինչ թվային փոփոխություն է։ Ընդհանրապես այս երեք ամսվա մեջ մոտ 45 ծնունդի դրական տեղաշարժ ունենք», - ասաց ԲԿ-ի տնօրենը։

Ծննդատանը նաև վերանորոգման աշխատանքներ են ընթանում, հաջորդը՝ ուռուցքաբանական դիսպանսերն է լինելու:

Առողջապահության նախարարությանն առաջարկություն է ներկայացվել, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը ևս միավորվի «Գյումրի» բժշկական կենտրոնին:

XS
SM
MD
LG