Մատչելիության հղումներ

Դսեղի միջնակարգ դպրոցը ևս անցավ հեռավարի․ Լոռիում քովիդի թվերն աճում են


Լոռու Դսեղ գյուղ
Լոռու Դսեղ գյուղ

Լոռու մարզում երեկ Դսեղի միջնակարգ դպրոցը ևս փակեց դռները. կորոնավիրուսի տարածման պատճառով այստեղ առնվազն երկու շաբաթ կրթությունը հեռավար կկազմակերպվի։

Լոռու մարզպետարանի ստացած տեղեկություններով՝ դպրոցի 4 ուսուցչի և մի քանի տասնյակ աշակերտների մոտ վիրուսը հաստատվել է։

Մարզում ավելի վաղ հեռավարի են անցել նաև Վանաձորի թիվ 5, 11 և 17 ավագ, թիվ 6 և 30 հիմնական դպրոցները, ինչպես նաև Մեծ Պարնի համայնքի դպրոցը։ Բոլոր նշված կրթօջախներում աշակերտների և աշխատողների ընդհանուր թվի ավելի քան10 տոկոսը քովիդով հիվանդ է, ասում է Լոռու մարզպետարանի կրթության վարչության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը։

«Գյուղական համայնքում մտել ա վիրուսը՝ Դսեղում, կամ Մեծ Պարնիում, ու դպրոցի տնօրենը ներկայացնում ա, որ կոնկրետ դպրոցում թվերն ավելի քիչ են, քան թե ամբողջ գյուղում։ Այսինքն՝ գյուղում էլ ընտնիքներով մեծերի հետ շփվելով կարող ա էդ նույնը բերեն դպրոց։ Ամեն դեպքում էս պահին տենդենց էն ա, որ գնալով ավելանում ա, որովհետև այսօր գրություն մուտք ա եղել նաև 2-րդ դպրոցից», - ասաց Տոնոյանը։

Երեկվանից փակվել է նաև Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը։ Մասնագետները եզրակացրել են, որ վիրուսի բռնկումներին նպաստել են վերջին շրջանում թատրոնում տեղի ունեցած բազմամարդ ներկայացումները։

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի հակահամաճարակային բաժնի պետ Անահիտ Զատիկյանը ճիշտ է համարում թատրոնի գործունեությունը դադարեցնելու որոշումը։

«Թատրոնում, կինոյում առանց դիմակների մուտքն արգելվում է, բայց մարդիկ մտնում են ներս ու եթե վաճառված է տոմսերի 100 տոկոսը, բոլոր նստարանները կողք-կողքի են, նախ՝ սոցիալական հեռավորությունն արդեն բացառված է, չի պահվում, մարդիկ էլ նստեցին, դիմակները կհանեն՝ հաստատ», - ասաց Զատիկյանը։

Անցած տարի մարտից, երբ Հայաստանում կարանտին հայտարարվեց, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը խախտումներ արձանագրելիս մի քանի օրով կասեցնում էր ընկերության գործունեությունը, ժամանակ տալիս՝ խախտումները վերացնելու համար։

Սեպտեմբերին համաճարակային կանոնները խախտողների համար տուգանք սահմանվեց՝ 100-300 հազար դրամի չափով։ Մինչդեռ տեսչական մարմնի Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերն սպասարկող կենտրոնն անցած 7 ամիսներին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող կանոնները խախտելու համար որևէ տնտեսվարողի չի տուգանել։

Կենտրոնի հակահամաճարակային բաժնի պետ Անահիտ Զատիկյանն «Ազատության»-ն ասաց՝ իրենց ստուգած որևէ հիմնարկում էական խախտում չեն հայտնաբերել։ Նկատված թերությունները վերացնելու համար մեկ-երկու օր ժամանակ են տալիս՝ առանց տուգանքի, ասում է Անահիտ Զատիկյանը։

«Դիմակների չկրելը, ջերմաչափում չանելը մենք չենք կարող տեսնել, մենք մտնում ենք, դիմակներով են մարդիկ, ցույց են տալիս, որ նույնիսկ ունեն պահուստային քանակություններ դրած, հեռավար ջերմաչափերով բոլորն ապահովված են։ Հիմա ես չեմ կարող ասել ինքը երեկ այցելուին ջերմաչափում արեց, թե՞ չարեց», - նշեց Զատիկյանը։

Մինչդեռ քովիդով հիվանդներին սպասարկող Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր գերծանրաբեռնված է աշխատում. 100 հիվանդի համար նախատեսված հիվանդանոցում 107 վարակակիր է բուժվում՝ բոլորն էլ ծանր կամ միջին ծանրության են, ասում է կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյան։

Ընդ որում Սիսակյանի դիտարկումներով՝ այսօր ավելի մտահոգիչ են ոչ այնքան վարակվածների թվերը, որքան հիվանդության բնույթը։

«Հիվանդությունը բավականին ագրեսիվ է ընթանում՝ ինտոքսիկացիաներով, բարձր ջերմություններով, պրոգրեսիվ, ագրեսիվ աճով», - ասաց Վարդուհի Սիսակյանը։

XS
SM
MD
LG