Մատչելիության հղումներ

«Լոֆտ» ինքնազարգացման կենտրոնում հատուկ միջոցառմամբ է նշվել Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը


Անդրեյ Տարկովսկի
Անդրեյ Տարկովսկի

«Լոֆտ» ինքնազարգացման կենտրոնը երեկ երեկոյան հանդես եկավ մի շատ ուշագրավ նախաձեռնությամբ: Ապրիլի 4-ը նշանավոր ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրն է, որին էլ նվիրված էր «Լոֆտ» ինքնազարգացման կենտրոնում կազմակերպված երեկոն՝ Tarkovsky Day խորագրի ներքո:

Մեծանուն կինոռեժիսորին նվիրված բանախոսություններով հանդես եկան կինոգետ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը:

Բոյաջյանը ներկայացրեց Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը, որի հիման վրա Տարովսկին նկարահանել է իր համանուն , հանրահայտ ֆիլմը: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: «Անտարես» հրատարակչությունն է վերջերս այն լույս ընծայել:

Երեկոյի բանախոս Կարեն Ավետիսյանը ասաց․ - «Լոֆթը ուներ էդպիսի ֆորմատ, որ ժամանակ առ ժամանակ մի ամբողջ միջոցառում է նվիրում կոնկրետ մեկ մարդու։ Այդպես եղել է նվիրված Փարաջանովին, եղել է նվիրված Կաֆկային, Մարկեսին և այլն։ Եվ այս անգամ, օգտվելով առիթից, որ ծննդյան օրն էր Անդրեյ Տարկովսկու, որոշեցինք տարբեր ձևաչափերով անդրադառնալ այդ մեծագույն արվեստագետին։ Եղավ երկու բանախոսություն, ինչպես նաև ներկայացված էր արտ-ինստալյացիա, ներկայացված էին Տարկովսկու ֆիլմերի պոստերներ տարբեր երկրների կողմից տարբեր թվականներին արված։ Եվ վերջում դիտեցինք «Հայելի» ֆիլմը 1974 թվականի՝ իր ամենաինքնակենսագրական, ինչ-որ առումով ամենաբարդ, բայցև հակասական որոշակի առումով ֆիլմը»։

Հարցին, թե արդյոք հայ կինոյում կան ստեղծագործողներ, որոնք մտածողությունը համահունչ է Տարկովսկու արվեստին, Ավետիսյանն արձագանքեց․ - «Քանի որ միայն հայ կինոյին չի վերաբերում այդ ոգեշնչումը Տարկովսկուց, ամբողջ համաշխարհային կինեմատոգրաֆը ոգևորվեց, օգտվեց, ցիտեց, հակադրվեց․․․ թե՛ ռուսական կինոյում կարող ենք հիշել Ալեքսանդր Սոկուրովին, կամ Զվյագինցևին, կամ Բալաբանովին, որը ինչ-որ առումով հակադրվում էր Տարկովսկուն։ Այդ շրջանում Հայաստանը նույնպես անմասն չէր այդ ոգևորվածությունից։ Գիտենք, որ Փարաջանովը և Տարկովսկին փոխադարձ իրար ոգևորում էին, մեծ սիրով և ակնածանքով էին վերաբերվում։ Եվ հաջորդ սերունդը, ենթադրենք՝ Վիգեն Չալդրանյանի կամ Սուրեն Բաբայանի, նույնպես եղել է ոգեշնչված Տարկովսկուց։ Վստահ եմ, որ հատկապես Սուրեն Բաբայանը։ Այնքան մեծ է ընդհանրապես տեսողական ազդեցությունը Տարկովսկու, որ այս կամ այն չափի նրանով ոգեշնչված եղել են բոլորը»։

Մի առիթով Անդրեյ Տարկովսկին գրել է. - «Յուրաքանչյուր արվեստագետ հընթացս իր երկրային կյանքի հայտնաբերում և իրենից հետո քաղաքակրթության, մարդկության վերաբերյալ ճշմարտության ինչ-որ մասնիկ է թողնում: Արվեստագետը վկայում է ճշմարիտի՝ աշխարհի իր դավանած ճշմարտության մասին: Արվեստը մարդու հոգևոր էության արտահայտությունն է»։

Տարկովսկու թողած ստեղծագործական ժառանգությունը ուղենիշ է համաշխարհային կինոռեժիսորներից շատերի համար:

«Եվ այնքան համամարդկային էին նրա թեմաները, մեծ, մասշտաբային համատեքստերին էր անդրադառնում իր ամբողջ ստեղծագործության ընթացքում, որ դժվար է դրանից խուսափել։ Այսինքն՝ քանի կան մեծ հարցերը, մեծ թեմաները և մարդու ցանկությունը այդ մեծ թեմաներին անդրադառնալու, այդքան դեռևս արդիական և իմաստավորված կլինի Տարկովսկու ստեղծագործությունը», - ասաց Կարեն Ավետիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG