Մատչելիության հղումներ

Անկարան ցանկանում է Մոսկվայի հետ կնքել տիեզերքում համագործակցելու պայմանագիր


Թուրքիան առաջիկայում կարող է Ռուսաստանի հետ ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցելու պայմանագիր: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը:

«Մենք երկկողմ հարաբերություններ ենք կառուցում շատ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ: Հաշվի առնելով այն, որ համագործակցում ենք նաև Ռուսաստանի հետ, մենք մտադիր ենք առաջիկայում պայմանագիր կնքել», - ասել է նա:

Յըլդըրըմի փոխանցմամբ, տիեզերքի նվաճումը շատ բարդ և թանկարժեք աշխատանք է, որը պահանջում է բարձր տեխնոլոգիաներ, միջազգային համագործակցությունն այդ առումով մեծ նշանակություն ունի:

«Մենք ենթադրում ենք, որ կարող ենք շատ ավելի արագ առաջ գնալ, եթե Ռուսաստանի հետ հաստատենք ամուր գործընկերական հարաբերություններ», - ասել է Թուրքիայի Տիեզերական գործակալության ղեկավարը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարվա փետրվարի 9-ին հայտարարել է տիեզերական հետազոտությունների ոլորտում տասնամյա ծրագրի մասին:

Յըլդըրըմը հայտնել է, որ մտադիր է հանդիպել Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի հետ: Դրա վերաբերյալ եղել է նախնական պայմանավորվածություն, որը սակայն խափանվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG