Մատչելիության հղումներ

Թուրքիայում ձերբակալվել են մի խումբ պաշտոնաթող ծովակալներ՝ Էրդողանի քաղաքականությունը քննադատելու համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Նախօրեին հարյուրից ավելի պաշտոնաթող թուրք ծովակալների կողմից հրապարակված հայտարարության հեղինակներից առնվազն տասը արդեն իսկ ձերբակալված են։ Այսօր վաղ առավոտյան այդ մասին հաղորդել է Թուրքիայի պաշտոնական Anadolu գործակալությունը՝ տեղեկացնելով, որ ռազմածովային ուժերի պաշտոնաթող սպաները մեղադրվում են երկրի սահմանադրական կարգը խախտելու փորձի համար։

Haberturk հեռուստաալիքի տեղեկություններով` դատախազությունը քրեական գործ է հարուցել 14 պաշտոնաթող ծավակալների դեմ, որոնցից տասի բնակարաններում առավոտից խուզարկություններ են իրականացվել։

«Քրեական գործում ներգրավված մյուս չորսի հանդեպ դատախազությունն ավելի մեղմ մոտեցում է որդեգրել՝ հաշվի առնելով նրանց պատկառելի տարիքը», - հաղորդում են թուրքական աղբյուրները։

Ձերբակալվածների մեջ է նաև այսպես կոչված «Երկնագույն հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգի հեղինակ պաշտոնաթող ծովակալ Ռամազան Ջեմ Գյուրդենիզը։ Նրա հեղինակած այս տեսության համաձայն՝ Թուրքիան պետք է ակտիվ նախահարձակ գործողություններ ձեռնարկի Միջերկրական ծովում գտնվող հունական կղզիների հարակից տարածքներն իր վերահսկողության տակ վերցնելու համար՝ մի քայլ, որին Ռեջեփ Էրդողանի կառավարությունը ձեռնամուխ է եղել նախորդ տարվանից սկսած։

Թուրքական ռազմական նավատորմի հարյուրից ավելի պաշտոնաթող սպաների հայտարարությունը հրապարակվել էր կիրակի օրը։ Դրանում թուրք զինվորականները բողոքում էին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում վերջին շաբաթներին ծավալված բանավեճի դեմ, որի մասնակիցները քննարկում են Բոսֆորի և Դարդանելի նեղուցների կարգավիճակը հստակեցնող Մոնտրյոյի կոնվենցիան լքելու հնարավորությունը։

1936 թվականին կնքված Մոնտրյոյի կոնվենցիայով վերահաստատվում էր Թուրքիայի լիակատար ինքնիշխանությունը սևծովյան նեղուցների նկատմամբ, ինչպես նաև հստակեցվում էր երրորդ պետությունների ռազմանավերի՝ Սև ծովի ավազան մուտք գործելու կարգը։

Պաշտոնաթող ծովակալները նաև իրենց մտահոգությունն էին հայտնել Բոսֆորին զուգահեռ Ստամբուլի նոր ջրանցքի կառուցման՝ Էրդողանի հրապարակած ծրագրի առիթով։ Բանն այն է, որ թուրքական իշխանությունները մինչ օրս հստակորեն չեն ասել՝ արդյո՞ք նոր ջրանցքը ենթարկվելու է Մոնտրյոյի կոնվենցիայով սահմանված կարգավորումներին, թե՞ ոչ։ Ծովակալների համոզմամբ՝ դա կարող է խախտել վերջին տասնամյակներին Սև ծովի ավազանում առկա ուժերի հավասարակշռությունը՝ հարվածի տակ դնելով թուրքական պետությունը։

Պաշտոնաթող զինվորականներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև ներքաղաքական խնդիրներին՝ բողոքելով զինված ուժերում իսլամական կարգերի հաստատման և նախագահ Էրդողանի կողմից Սահմանադրության հերթական փոփոխությունները նախաձեռնելու փորձերի դեմ։

Ծովակալների հայտարարությանը իշխանությունների արձագանքը գրեթե ակնթարթային էր։ Փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Twitter-ի իր օգտահաշվում կիրակի երեկոյան գրեց․ - «Ռազմական հեղաշրջումների սիրահարները չեն կարողանում համակերպվել թուրք ժողովրդի արտահայտած կամքին՝ հանդես գալով ժողովրդավարական հաստատությունների, ընտրված պաշտոնյաների և Թուրքիայի զինված ուժերի դեմ»։ Էրդողանի տեղակալն իր գրառումն ամփոփել է ծովակալներին ուղղված հետևյալ խոսքերով․ - «Իմացեք ձեր տեղը»։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը ևս շատ կոշտ է արձագանքել պաշտոնաթող ծովակալների հայտարարությանը՝ գրելով․ - «Հանգստացեք։ Ո՞վ եք դուք, ո՞վ է ձեզ թույլ տվել մատ թափ տալ ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչների վրա»։

Ուշագրավ է, ի դեպ, որ զինվորականների շրջանում ևս պաշտոնաթող սպաների հայտարարությունը մեծ ոգևորություն չի առաջացրել։ Ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների համոզմամբ՝ զինվորականների, թեկուզև պաշտոնաթող, նման հայտարարությունները հիշեցնում են նախորդ դարի 70-ական և 80-ական թվականները, երբ բանակը պարբերաբար միջամտում էր ներքաղաքական զարգացումներին։

«Պաշտոնաթող ծովակալների հայտարարությունն ես համարում եմ հիմար դատարկախոսություն։ Նման հայտարարությունները մեզ կրկին մտովի վերադարձնում են հեղաշրջումների դարաշրջան։ Ըստ իս, մի իրավիճակում, երբ իշխող կուսակցությունը բավարար թվով քվեներ չունի ոչ 2023 թվականի հերթական և ոչ էլ հնարավոր արտահերթ ընտրություններում հաղթելու համար, նման հայտարարությունների հրապարակումը ձեռնտու է հենց իշխանություններին։ Իմ տպավորությամբ՝ պաշտոնաթող ծովակալները պարզապես ձանձրույթից որոշել էին նման հայտարարությամբ հանդես գալ», - հայտարարում էր Աքշեները։

Ծովակալների հայտարարությունն առանձնապես չէր ոգևորել նաև երկրի առաջատար ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամներին։ Քաղաքական այս ուժի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի պնդմամբ՝ ծովակալների հայտարարությունն ու դրան հաջորդած իշխանությունների կոշտ արձագանքը «կեղծ օրակարգ ստեղծելու փորձ է»։ Twitter-ի իր էջում ընդդիմության առաջնորդը պնդել է, թե Էրդողանի վարչակազմը ցանկանում է շեղել հանրության ուշադրությունը երկրում օրեցօր վատթարացող տնտեսական կացությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG