Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի ղեկավարը էթնիկ երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը». Արցախի ԱԳՆ


Արցախի արտաքին գործերի նախարարությունը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը մտահոգիչ է համարում՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից:

«Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական երկրների հասարակություններում: Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ:
Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին», - ասված է հղորդագրությունում:

Համաձայն հաղորդագրության, այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների «հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ»:

Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո, ըստ Արցախի ԱԳՆ-ի, այլ տարածաշրջաններում ևս «տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով»:

Նշենք, որ մարտի 31-ին Իլհամ Ալիևը Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովին հերթական անգամ խոսել է «Նախիջևանի միջանցքի» մասին և նորից Հայաստանի մաս կազմող Սյունիքն անվանել ադրբեջանական տարածք։

«Կարծում եմ, որ դրանցից կարևորագույնը տրանսպորտային հնարավորություններն են։ Այսօր մենք արդեն շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա։ Նախիջևանում կայացած գագաթնաժողովում ես ասացի, որ ժամանակին Զանգեզուրը Ադրբեջանի կազմից դուրս բերելն ու Հայաստանին միացնելը նշանակում էր թյուրքական աշխարհի աշխարհագրական մասնատում, որովհետև եթե քարտեզին նայենք, ապա կարելի է տեսնել, որ մեր մարմնի մեջ կարծես դաշույն էին մտցրել, թյուրքական աշխարհը բաժանվեց։ Զանգեզուրը, որը հին ադրբեջանական հող է, այժմ խաղալու է թյուրքական աշխարհի միավորման դերը, քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտային, կոմունիկացիոն, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար», - Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովին հայտարարել է Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG