Մատչելիության հղումներ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը Մարիինյան թատրոնի առաջատար մասնագետների հետ տեսաձայնագրում է Բեթհովենի 9 սիմֆոնիաները


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի ղեկավար էդվարդ Թոփչյանը, արխիվ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ այս տարեսկզբից իրականացնում է մի խոշոր և աննախադեպ ծրագիր, որն առաջինն է նվագախմբի 96-ամյա պատմության ընթացքում: Ֆիլհարմոնիկ նվագախումբը տեսաձայնագրում է Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները, որոնք հետագայում կներկայացվեն մի առանձին հավաքածուում:

Անցյալ տարի պիտի արդեն իսկ կատարված լիներ աշխատանքը՝ նվիրված մեծահռչակ կոմպոզիտորի ծննդյան 250-ամյա հոբելյանին, բայց համավարակի պատճառով այն հետաձգվեց, քանի որ բարձրակարգ այս տեսաձայնագրություններն իրականացնում են Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Մարիինյան թատրոնի առաջատար մասնագետները:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագծի պրոդյուսեր, ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը նշեց. «2020 թվականը պետք է նվիրված լիներ Բեթհովենի 250-ամյակին, բայց պանդեմիայի պատճառով հիմնական միջոցառումները, այդ թվում՝ ձայնագրությունը ստիպված փոխել ենք 2021 թվականին: Սակայն 20 թվականի ընթացքում մենք արդեն սկսել ենք կատարել Բեթհովենի ստեղծագործությունները, բայց ձայնագրությունները սկսկել ենք հունվարի 16-ին, և առաջին ձայնագրական սեսիան տրվեց հունվարի 16-23-ը: Ընթացքում մենք կարողացանք էլի կատարել և նվագել Բեթհովենի սիմֆոնիաներ նախագիծը, որն իրականացվում էր Մշակույթի նախարարության աջակցությամբ: Իսկ հիմա մենք ավարտել ենք երկրորդ փուլը այդ ձայնագրությունների»:

Այս նախագծի վրա Մարիինյան թատրոնից առաջատար մասնագետների մի մեծ խումբ է աշխատում: Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին հնչյունային ռեժիսոր Իլյա Պետրովը, բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովը, բեմադրող օպերատոր Արսենի Նիկոլաևը: Նրանք շեշտեցին, որ հրաշալի է ընթանում աշխատանքը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, երաժիշտներն ուղղակի բարձրակարգ պրոֆեսիոնալներ են, և իրենք չէին էլ պատկերացնում, որ թե՛ այս աշխատանքի, թե՛ Հայաստանում գտնվելու ընթացքում իրենց այսքան լավ կզգան բոլոր առումներով:

Իլյա Պետրովն ասաց, որ պատրաստ են համագործակցության ոչ միայն այս նախագծի շրջանակներում, այլև հետագայում, եթե ի հայտ գան նման առաջարկներ: Պարզվեց, որ մի նոր նախագիծ արդեն իսկ ուրվագծվել է, բայց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը չցանկացավ բացել փակագծերը, ասաց, որ այդ մասին կխոսի այս՝ բեթհովենյան նախագծի ավարտից հետո միայն: Նրա համոզմամբ՝ Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների տեսաձայնագրության այս իրողությունը շատ կարևոր քայլ է ոչ միայն մեր երաժշտական աշխարհի, այլև Հայաստանի համար առհասարակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG