Մատչելիության հղումներ

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցն է․ Եռաբլուրը դարձյալ մարդաշատ է


Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում մեկնարկեցին 90-ականների պատերազմից հետո ամենալայնածավալ ռազմական գործողությունները, քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։

Քառօրյայի զոհերի հիշատակին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Ռուսաստան այցից առաջ ինքնամեկուսացման մեջ գտնվող վարչապետ Փաշինյանի անունից ծաղկեպսակ էր տեղադրվել։

Արդյո՞ք Հայաստանը դասեր քաղել էր ապրիլյան պատերազմից, որոնք կօգնեին 2020-ի 44-օրյա պատերազմում։ Այս հարցին այսօր Եռաբլուրում պատասխանեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանը։ Նրա պնդմամբ՝ եթե ապրիլյանից դասեր չքաղվեին, ապա 44-օրյա պատերազմն ավելի կործանարար հետևանքներ կունենար․ - «Առաջինը, մենք կարող էինք կորցնել ամբողջությամբ Արցախը։ Եվ երկրորդը, կարող է դա արվեր 15 կամ 20 օրվա ընթացքում Արդյունքը դա էր»։

Այսօր Եռաբլուրում իրենց զավակների շիրիմներին էին այցելել քառօրյա պատերազմում ընկածների հարազատները։

2016-ին տղաներն աշխարհաքաղաքական աղետ կանգնեցրին, ասում է զոհված Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը․ - «Երբ որ առաջին անգամ ասեցի 16 թվին էդ բառը՝ աշխարհաքաղաքական աղետ կանխեցին Ադամը և իր զինակից ընկերները, ես հիշում եմ լրագրողը դիմացս կանգնած ունքերը բարձրացրեց։ Իսկ հիմա արդեն ակնհայտ երևում է»։

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ամիսներ շարունակ ուսումնասիրելուց հետո խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունն առայժմ չի հրապարակվել, թեև ուսումնասիրությունն ավարտվել էր մինչև 2020-ի պատերազմը։

2016-ին զոհված, Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը 44-օրյա պատերազմից հետո ապրիլյանը քննող հանձնաժողովի մասին խոսել չի ուզում․ - «Պատերազմը պատերազմ է։ Այո, կարող են վրիպումներ շատ լինել։ Օրինակ, էս պատերազմի ժամանակ անձամբ ես մասնակից եմ եղել մոբով, ես շատ բաներ եմ տեսել, թե ոնց են աշխատում։ Ոչ թե թերացել են, չեն հասցրել։ Էնքան արագ սա կատարվեց լայնածավալ հարձակումը․․․ ո՞վ կպատկերացներ, որ նրանք ֆոսֆորային զինատեսակով մեր 18 տարեկանների դեմ դուրս կգան»։

«44 օրյա պատերազմը բոլորիս ողնաշարը կոտրել է», - ասում է զոհվածի մայրը։ - «Էն որ ասում ա՝ արհեստական շնչառությունով շնչում ենք, հիմա առավել ևս։ Ոնց որ վերակենդանացման բաժանմունքում լինես»։

Ռոբերտ Աբաջյանի հոր՝ Ալեքսանդր Աբաջյանի խոսքով, իր որդին ապրում է հարազատների ներսում. - «Իրա հումորները մինչև հիմա ապրում են։ Իրա ընկերներն են անում իրա հումորները, մենք ենք իրա հումորները տունը անում։ Մենք ապրում ենք իրա հումորներով, իրա շարժուձևը մեր մեջ ա»։

Ռոբերտի մորեղբոր որդու անունը Արցախի հերոսի անունով են կոչել։ Հայրը հպարտանում է՝ շատերն են իրենց որդիներին իր տղայի պատվին Ռոբերտ անունը տալիս․ - «Հաճելի ա, հպարտություն ա, որ իմ էրեխուն տենց գնահատում են։ Ազգն ա գնահատում։ Տա Աստված, որ ղեկավարությունն էլ գնահատի»։

XS
SM
MD
LG