Մատչելիության հղումներ

Արցախի կարգավիճակի որոշումը կարող է հիմք դառնալ տարածաշրջանում ամուր խաղաղության, շեշտում է ՀՀ ԱԳՆ-ն


Միայն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրումը, Արցախի կարգավիճակի որոշումը կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հինգերորդ տարելիցի կապակցությամբ իր հայտարարությունում։

Հայաստանի արտաքին գերատեսչությունն ընդգծել է՝ Հայաստանը և հայ ժողովուրդը գործադրելու են հնարավոր բոլոր ջանքերը՝ լիարժեքորեն վերականգնելու Արցախի մեր հայրենակիցների բոլոր իրավունքները՝ իրենց պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ կենսագործունեության համար:

Հինգ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման հանձնառությունը՝ լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեցին Արցախի դեմ՝ փորձելով ուժի կիրառման միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, նշում է արտգործնախարարությունը՝ ընդգծելով՝ հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված թիրախավորում էին նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները: Արցախի դեմ քառօրյա պատերազմն ուղեկցվում էր Արցախի զինծառայողների և քաղաքացիական անձանց դաժան սպանություններով, խոշտանգումներով, ինչպես նաև զոհվածների մարմինների անարգմամբ:

«Ազգային ատելության հիմքով այդ հանցագործություններն իրագործողները հետագայում պարգևատրվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` ամենաբարձր մակարդակով: Ապրիլյան պատերազմին հաջորդած տարիներին, ոգևորված իրագործված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարումների անպատժելիությամբ, ադրբեջանական իշխանություներն ավելի սաստկացրեցին ռազմատենչ հռետորաբանությունն ու հայերի նկատմամբ ատելության քարոզը», - հայտնում է արտաքին գերատեսչությունը:

Նախարարության համոզմամբ՝ այս քաղաքականության իրականացման արդյունքը դարձավ 2020թ. Թուրքայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային և նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:

2016թ. ապրիլին և 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմներն ու դրանց ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները ցույց տվեցին, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շարունակելով՝ Միայն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրումը, Արցախի կարգավիճակի որոշումը կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար:

«Հայաստանը և հայ ժողովուրդը գործադրելու են հնարավոր բոլոր ջանքերը՝ լիարժեքորեն վերականգնելու Արցախի մեր հայրենակիցների բոլոր իրավունքները՝ իրենց պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ կենսագործունեության համար», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG