Մատչելիության հղումներ

Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում բացահայտված չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցել


Շիրակի մարզի դատախազությունը Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում բացահայտված չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցել՝ պաշտոնական կեղծիք կատարելու և խարդախության եղանակով գումար հափշտակելու հոդվածներով։

«Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 թվականի ընթացքում «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների կողմից կատարվել են մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես, վերջինների գործողությունների արդյունքում կեղծվել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մի շարք երեխաների հիվանդության պատմագրերը, որոնք ներկայացվել են վճարման ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային միասնական համակարգ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, խարդախություն կատարելու եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի, շուրջ 7 միլիոն 984 հազար դրամ գումարներ։ Հիշյալ բուժհաստատությունից ստացվել է 2020 թվականի ընթացքում բուժօգնության դիմած շահառուների ցուցակները, որոնք, ըստ նախնական տվյալների, կազմում են շուրջ 4 հազար շահառուներ։ Սակայն էս մասով ևս դեռևս քննությունը շարունակվում է, և ներկա պահին, ըստ արդեն իսկ ձեռք բերված տվյալների, կեղծվել են շուրջ 65 հոգու հիվանդության պատմագրեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց դատախազ Դավիթ Մարտիրոսյանը։

Նա ներկայացրեց նաև գործով ներգրավված անձանց շրջանակը․ - «Ըստ ձեռք բերված փաստական տվյալների, չարաշահումները կատարվել են «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ժորժիկ Սերոբանի, բուժաշխատակիցներ Դոնարա Սարգսյանի, Ժաննա Հակոբյանի, Հասմիկ Խաչատրյանի կողմից, ինչպես նաև նույն բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանի կողմից»։

Դատախազությունը քրեական գործը փոխանցել է Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ կշարունակվի նախաքննությունը։

Դատախազ Մարտիրոսյանը չի բացառում, որ փոխվի ինչպես գործով ներգրավված անձանց շրջանակը, այնպես էլ ենթադրաբար հափշտակված գումարի չափը․ - «Նախաքննության ընթացքում եթե այլ փաստական տվյալներ ձեռք կբերվեն, որոնք որ քրեադատավարական պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ իրականացված նախաքննությամբ կհիմնավորվեն, այո, չի բացառվում նաև գումարի չափերի մեծացում, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի ընդլայնում»։

Գյումրիի մոր և մանկան ավստրական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանի համար անհասկանալի է հատկապես պետական միջոցների հափշտակության դրվագը․ - «Ինձ համար հափշտակությունն է շատ զարմանալի․․․ Եթե ինչ-որ պրոբլեմ կա հիվանդության պատմագրերի հետ, պարզ ա, որ դա բժշկական փաստաթղթի կեղծում է։ Եթե կա։ Իսկ հափշտակությունը չեմ հասկանում, թե ինչ գումար է հափշտակվել, ում կողմից է հափշտակվել, եթե հափշտակվել է իրենց կողմից նշված գումարը, յուրացվել է էդ գումարը, թե ինչ է արվել․․․ պետությունը բժշկի անձնական հաշվեհամարին գումար չի կարող նստացնել, փոխանցել։ Էդ մեր կատարած ծառայությունների դիմաց մեր հիվանդանոցի հաշվեհամարին է գումար փոխանցվում, դրանից արդեն մարդիկ աշխատավարձ են ստանում, դեղորայք ենք առնում, կոմունալ ծախսեր ենք անում։ Չեմ կարող ասել, թե ինչ ի նկատի ունեն»։

Տնօրենը ներկայացրեց, թե բուժհաստատության ֆինանսավորումն ինչ մեխանիզմով է կատարվում և բացառեց իր կողմից կազմակերպված հափշտակություն կատարելը․ - «Ցանկացած հիվանդության պատմագրի հիման վրա հաշվետվողական թերթիկ գոյություն ունի, որը գրանցվում է նախարարության էլեկտրոնային համակարգում, էդ հաշվետվությունների համար ֆինանսավորում է արվում հիվանդանոցին և պետբյուջեից մեր հիվանդանոցի հաշվեհամարին փոխանցվում է մեր մատուցած ծառայություններին համապատասխան գումար։ Հիվանդանո՞ցն է հափշտակել էդ գումարը, թե ով է հափշտակել էդ գումարը։ Ես չեմ կարող ասել, թե իրանք ինչ ի նկատի ունեն հափշտակություն ասելով»։

Անցած տարի հունվարին տնօրենի պաշտոնը ստանձնած Ժորժիկ Սերոբյանը բազմակողմանի ու արդար քննություն է ակնկալում։ Եթե մեղավորներ կգտնվեն, ասում է, թող պատժվեն։

Այս պահին հիվանդանոցի աշխատակիցներից ոչ մեկը չի հարցաքննվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG