Մատչելիության հղումներ

Եթե հակակոռուպցիոն դատարանները ստեղծված լինեին, ավելի կարճ ժամկետ կպահանջվեր՝ ուսումնասիրությունները հասցնելու ավարտական փուլ. դատախազ


Արխիվային լուսանկար

Գլխավոր դատախազության կազմում կես տարի առաջ ձևավորված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դեռևս որևէ հայցադիմում դատարան չի ներկայացրել՝ ապօրինի համարվող գույքը հօգուտ պետությանը բռնագանձելու համար։

Վարչության պետ, դատախազ Սիրո Ամիրխանյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ մոտ 5 գործ ավարտական փուլում է, բայց կա մի հարց՝ դեռևս ձևավորված չեն հակակոռուպցիոն դատարանները, որոնք էլ կքննեն դատախազության ուղարկած հայցերը։ Ըստ իշխանությունների՝ հակակոռուպցիոն դատարանները կձևավորվեն մինչև տարեվերջ։

«Եթե հակակոռուպցիոն դատարանն արդեն իսկ ստեղծված լիներ, մեր գործողությունների տրամաբանությունն ու հաջորդականությունն ավելի բարձր մակարդակի վրա կսկսեր աշխատել և ավելի կարճատև ժամանակահատված մեզնից կպահանջվեր, որպեսզի ուսումնասիրության արդյունքները մտնեին ավարտական փուլ: Այնպես չէ, որ 2-3 օրվա ընթացքում կարող ենք ուղարկել դատարան, բայց համենայնդեպս կան արդեն իսկ բավարար ապացուցողական տվյալներ, որոնց հիման վրա հնարավորություն կա դատարան հայցադիմումներ մուտք անելու», - ասաց Ամիրխանյանը:

Գաղտնիությունից ելնելով՝ Ամիրխանյանը փակագծերը չի բացում, թե ում գույքն են ուսումնասիրում և ամենաթանկ գնահատված գույքն ում է պատկանում։ Դատախազը միայն ասաց, որ նրանք հանրությանը հայտնի մարդիկ են։

Օրենքի համաձայն, դատախազությունն ուսումնասիրում է տարբեր քննչական մարմիններում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերը, որոնցում հնարավոր է առկա լինի ապօրինի գույքի ձեռքբերման կասկածներ։

Գլխավոր դատախազությունում ձևավորված նոր վարչությունը սեպտեմբերից մինչև տարեվերջ ստացել է 201 քրեական գործերի մասին նյութեր, որոնք վերաբերում են 430 մարդու։ Դրանք հիմնականում հնչեղ գործերն են։ Նրանցից մոտ կեսը՝ 213-ը իրավապահները որոշել են չուսումնասիրել։ Պատճառներից մեկն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքը ենթակա է բռնագանձման, եթե գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն դրամը կամ մոտ 100 հազար դոլարը։ Չուսումնասիրված գործերի մեծ մասը հենց այս հիմքով են, կան նաև անձինք, որոնց պատկանող գույքը, ըստ ուսումնասիրությունների, չեն համապատասխանել ապօրինի ձեռքբերման պայմաններին։

Դատախազի խոսքով, կան նաև այլ պատճառներ. «Եթե չեմ սխալվում, մոտ 5 դեպքով որոշում է կայացվել ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին, քանի որ խախտված է եղել օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետը: Մասնավորապես օրենքը նախատեսում է, որ համապատասխան քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է 10 օրվա ժամկետում նյութերն ուղարկել իրավասու մարմին և միևնույն ժամանակ 18 գործի մասով ուղարկվել են նյութեր, որտեղ անձինք որպես մեղադրյալ են ներգրավված եղել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով չնախատեսված հոդվածներով նախատեսված օրենքների կատարման համար», - նշեց դատախազը:

Կոռուպցիան արմատախիլ անելու վարչապետի շարունակական հայտարարություններից հետո, թերևս, որևէ հնչեղ գործով որևէ գույք պետությանը չի հանձնվել։ Բացառություն էր Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը, որը իրեն պատկանող Ծաղկաձորի հյուրանոցը նվիրել էր պետությանը։ Հայաստանում հեղափոխությունից երեք տարի անց նախկին իշխանության և ոչ մի ներկայացուցչի կամ փոխկապակցված անձի վերաբերյալ չկա գեթ մեկ վճիռ, որով նրանք մեղավոր կճանաչվեին պետական միջոցները յուրացնելու համար։ Հնչեղ գործերը կամ նախաքննության փուլում են, կամ էլ արդեն փոխանցվել են դատարաններին։ Քննադատությունը իշխանության հասցեին գնալով մեծանում է։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործողություններում պարզապես կամք էր հարկավոր։

«Այն հանգամանքը, որ մի շարք իրավական հնարավորությունները այնուամենայնիվ նույնիսկ մինչև օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները տալիս էին, սա նշանակում է, որ, այո, ըստ էության դա կամքով էր պայմանավորված այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեին», - ասաց փորձագետը:

Մարտիրոսյանը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը դեռ մշակման փուլում է քննադատել։ Ասում է՝ այն բազմաթիվ թերություններ ունի և լուրջ խնդիրներ կարող է առաջացնել պետության համար։ Օրինակ, եթե ուսումնասիրությանը զուգահեռ քննվող քրեական գործով մեղադրյալն արդարացվի, ապա նա կարող է հետ վերադարձնել իրենից վերցված գույքը։

«Սա լուրջ իրավական կառույց է իրենում պարունակում և հետագայում միանշանակ հիմք է հանդիսանալու տվյալ սուբյեկտների համար, որպեսզի նրանք այս խնդիրը վիճարկեն նաև միջազգային դատական ատյաններում», - ընդգծեց Հայկ Մարտիրոսյանը:

Հեղափոխությունից հետո նախկին իշխանության ներկայացուցիչներից ոմանք ներգրավվեցին կոռուպցիոն տարբեր քրեական գործերով՝ նրանցից է, օրինակ, երկրորդ նախագահի ավագ որդի Սեդրակ Քոչարյանը՝ հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։ Կոռուպցիոն հոդվածներով մեղադրվում են Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու որդիները, ընդդիմադիր գործիչ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնես կայսրության կառավարիչ Սեդրակ Առուստամյանը և այլոք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG