Մատչելիության հղումներ

«Իմ քայլի» նախընտրական ցուցակի առաջին քառյակում մեծ փոփոխություններ չեն լինի․ Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան («Իմ քայլը»)

«Քննարկում չի եղել, որ հունիսի 20-ի արտահերթում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը. դա առանց քննարկման էլ պարզ է», - հայտարարում է իշխանական «Իմ քայլից» Ալեն Սիմոնյանը։

Խորհրդարանի փոխնախագահի խոսքով, դեռ չեն քննարկել նախընտրական ցուցակում ովքեր են ընդգրկվելու և որ տեղերում։

Բայց 2018-ի ընտրական ցուցակի առաջին քառյակը, կարծիք հայտնեց Սիմոնյանը, չի փոխվի։ Երեք տարի առաջ «Իմ քայլի» ցուցակը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում էին խորհրդարանի այժմյան նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Լենա Նազարյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ցուցակը այս պահին չի քննարկվել, բայց, ի տարբերություն նախորդ ընտրությունների, մենք այսօր կարող ենք հստակ ասել, որ մենք ունենք կորիզը թիմի, որը որ հիմքը կկազմի ապագա ցուցակի։ Ես կարծում եմ, մեծ փոփոխություն չեք տեսնի առաջին եռյակի, քառյակի մասով։ Դա իմ անձնական կարծիքն է։ Այո, ես կարծում եմ, որ այդտեղ փոփոխություններ անելու կարիք այս պահին չկա», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե ում նկատի ունի «կորիզ» ասելով, օրինակ, Հովիկ Աղազարյանին և՞ս, որը շատ ակտիվ է, հարցազրույցներ է տալիս, Սիմոնյանն արձագանքեց․ - «Չեմ պատրաստվում որևիցե մի գործընկերոջ անուն տալ, որովհետև դա կնշանակի, որ ես ստիպված պետք է այլ գործընկերոջ անուն տամ։ Կամ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով առանձնացնեմ։ Չի բացառվում, որ լինեն մարդիկ, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն»։

Արդյո՞ք հնարավոր է, որ դաշինքով գնան ընտրությունների։ «Այս պահին նման քննարկումներ չկան։ Ես հակված եմ, որ մենք մասնակցենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով և ոչ թե դաշինքով», - նշեց Սիմոնյանը։

Խորհրդարանական ընդդիմադիրները հայտարարում են, որ միայնակ են մասնակցելու հունիսյան արտահերթին։ ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանն ու ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանն ասացին, որ ցուցակները գլխավորելու են Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը։

Վահե Էնֆիաջյան
Վահե Էնֆիաջյան

Հարցին, թե քննարկվում է արդյոք ցուցակը, Էնֆիաջյանն արձագանքեց․ - «Հարգելի գործընկերներ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ճիշտ ժամանակին մենք կհրապարակենք մեր քայլերը։ Մեր քաղաքական ուժի մասին, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որևիցե բան ժողովրդի թիկունքում չի արվել և չի արվելու։ Որ քայլն էլ որ անենք, մենք բնականաբար հրապարակային ենք անելու»։

«Ցուցակ դեռ չենք կազմել։ Տրամադրված ենք մասնակցել «Լուսավոր Հայաստանով» ընտրություններին, առանց որևէ դաշինքի։ Մնացածը կազմակերպչական աշխատանքի մեջ ենք», - ասաց Գորգիսյանը։

Գևորգ Գորգիսյան
Գևորգ Գորգիսյան

Հարցին, թե ով է ղեկավարելու «Լուսավոր Հայաստանի» նախընտրական շտաբը, նա պատասխանեց․ - «Հիմնական բեռը կլինի Դավիթ Խաժակյանի վրա, կարծում եմ»։

Ինչպես 2018-ի արտահերթին, իշխանական կուսակցության նախընտրական շտաբը այս անգամ էլ, Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ, կղեկավարի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։

Ընտրություններն արտահերթ են, քարոզարշավն էլ հերթականի համեմատությամբ կարճ՝ 12 օրանոց։ Ընդդիմության ու քաղհասարակության ներկայացուցիչները Փաշինյանի մարզային վերջին այցերից անհանգստացած են. ահազանգում են՝ վարչապետը վարչական ռեսուրս է չարաշահում։ Իշխանության հայտարարություններից պարզ է դառնում՝ չնայած քննադատությանը, առաջիկայում դրանցից հրաժարվել վարչապետը չի պատրաստվում։

«Որևիցե ռեսուրս պետք չի օգտագործել, երբ որ ժողովրդի հետ դու անմիջական շփում ունես, երբ որ դու երբևիցե նման բան չես արել», - ասում է Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ քննադատություն է հնչում, թե այդ հանդիպումներին մարդիկ բերվում են մարզպետերի, համայնքապետերի կողմից, և հարցին, թե կարող է բացառել, որ համայնքապետերն են կազմակերպում, նա պատասխանեց․ - «Ես չգիտեմ ով ա կազմակերպում։ Ես գիտեմ, որ տեղեկացնում են մարդկանց, և մարդիկ հավաքվում են։ Ու նույնիսկ կողքի գյուղերից տեղեկանում են։ Ես չգիտեմ, եթե մի համայնքի ղեկավարը կազմակերպում ա կամ ինչ-որ բան ա օգտագործում, ապա կողքի գյուղը ո՞նց ա իմանում էդ պարագայում»։

Ըստ Էդմոն Մարուքյանի, եթե իշխանությունը երես ունենար, չէր մասնակցի ընտրությանը։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը այսօր վստահ բացառում էր հետընտրական կոալիցիան թե՛ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի հետ․ - «Մեր երկրին համերաշխություն ա պետք, մեր երկրին պետք չի էրկու հակադիր բևեռների միջև պատերազմներ։ Հետևաբար էն երրորդ ճանապարհը, ինչի մասին ես խոսում էի, էսօր ավելի քան արդիական ա»։

Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ապրիլին հրաժարական կտա, բայց հստակ օր, ըստ Ալեն Սիմոնյանի, որոշված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG