Մատչելիության հղումներ

Վրացիները փչացրեցին Պոզների ծննդյան օրը, նա հեռացավ Թբիլիսիից


Վրաստան - Վլադիմիր Պոզների այցի դեմ բողոքի ակցիան Թբիլիսիում, 1-ը ապրիլի, 2021թ․

Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները Թբիլիսիից հեռացավ իր այցի դեմ ցուցարարների բողոքների պատճառով։ Նախօրեին մի քանի տասնյակ ընկերների հետ նա Թբիլիսի էր ժամանել ծննդյան տարեդարձը նշելու նպատակով՝ ապրիլի 1-ին Պոզները դառնում է 87 տարեկան, սակայն այսօր առավոտյան հյուրանոցից հեռացավ իրենց խմբի անվտանգությունն ապահովող ոստիկանների պաշտպանության տակ։ Ցուցարարները նրանց ավտոբուսի վրա ձվեր էին նետում։

Ամբողջ գիշերը Պոզների իջևանած հյուրանոցի մոտ ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել, նաև քաշքշոց է տեղի ունեցել ոստիկանների ու մի խումբ ցուցարարների միջև, որոնք փորձել են ներխուժել հյուրանոց։ Նա հյուրանոցը փոխել էր, բայց վրացիներն այնտեղ էլ են հավաքվել, ամբողջ գիշերը թմբուկ են խփել, աղմկել, ձվեր նետել հյուրանոցի շենքի վրա։

Ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են՝ իր հաղորդումներից մեկում Պոզներն ասել է, որ Աբխազիան չի լինի Վրաստանի կազմում, իսկ 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի համար մեղավոր է համարել Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Նրա այցի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները Վրաստանի իշխանություններին մեղադրել են Վլադիմիր Պոզների մուտքը թույլատրելու համար։ «Ցանկացած նորմալ պետություն նման իրավիճակում, երբ ռուսակակն սիստեմի ներկայացուցիչ է ժամանել, ով ասել է, թե Աբխազիան չի լինի Վրաստանի մաս, պարզապես չէր թողնի երկիր մտնել։ Մենք դա տեսել ենք Գավրիլովի հետ կապված, մենք զգուշացրել էինք իշխանությանը։ Հիմա նրանք կրկնում են նույնը», - ասել է ընդդիմադիր պատգաավոր Ելենա Խոշտարիան։

2019 թվականին Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, մասնակցելով Վրաստանում անցկացված մի միջոցառման, նստել էր խորհրդարանի նախագահի աթոռին։ Վրացիները դա վիրավորական էին համարել, Թբիլիսում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել, անկարգություններ, բախումներ ոստիկանության հետ, տասնյակ տուժածներ ու վիրավորներ կային։ Իշխանությունը քաղաքական զիջումների էր գնացել, հրաժարական էր տվել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

Այս անգամ իրավիճակն այդ աստիճանի չլարվեց։ Վլադիմիր Պոզները չարթերային ավիաչվերթով հեռացավ Վրաստանից։ Լուրջ բախումներ տեղի չունեցան, բայց միջադեպը քաղաքական աստառ է ստանում։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան այցելելը վտանգավոր է։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Տելեգրամում գրել է․ - «Թբիլիսիում Պոզների այցի շուրջ իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչպիսի խորը ճգաժամի մեջ է Վրաստանը։ Նրա ներքին քաղաքականության շատ հարցեր այսօր որոշում է արմատականությունը, իսկ դա անկասկած ոչ մի լավ բանի չի հանգեցի։ Այդ ամենը միայն ոչնչացնում է Վրաստանը և զբոսաշրջության ամառային սեզոնի նախաշեմին ևս մեկ անգամ ցույց տալիս, թե մեր երկրի քաղաքացիների համար այնտեղ գտնվելն անվտանգ չէ»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խստորեն քննադատել է ընդդիմությանը, մասնավորապես՝ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժմանը, օգտագործելով բավականին կոշտ ձևակերպումներ։ «Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ազգային շարժումը ձևավորվել է որպես բացարձակապես դեգրադացված ու արմատական խմբավորում, որի հետ քաղաքակիրթ երկխոսություն հնարավոր չէ», - ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ այս անգամ Միացյալ ազգային շարժման ու Սաակաշվիլիի նպատակը երկրին առավելագույն վնաս պատճառելն է, միջազգային հեղինակության հետ խաղալը, և դա արվել է այն ժամանակ, երբ Վրաստանը մասամբ վերաբացվում է զբոսաշրջության համար։

Ղարիբաշվիլին պարզաբանել է, որ Պոզները նաև ԱՄՆ-ի քաղաքացի է, ամերիկյան անձնագրով հաճախ է այցելում Վրաստան, չի խախտում օկուպացիայի վերաբերյալ Վրաստանի օրենքը, այս անգամ ևս մասնավոր այցով է եկել, նա և ուղեկցող անձինք պահպանել են կորոնավիրուսի պայմաններում ճամփորդելու կանոնները, թեստի բացասական պատասխաններ են ունեցել։ Վարչապետը նաև նշել է, որ երեկ երեկոյան, երբ նրանք ընթրել են ռեստորաններից մեկում, կանոնները խախտվել են, ինչի համար տուգանվել են, այնպես որ, ըստ Ղարիբաշվիլիի, օրենքի բոլոր պահանջները պահպանվել են։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Պոզների խմբում 41 մարդ էր ժամանել Վրաստան։ Երեկվա ընթրիքի մասնակցած 32 անձ ու ռեստորանը տուգանվել են կարանտինային պայմանները խախտելու համար։

Պոզների այցի դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստ Նոդար Ռուխաձեն Վրաստանի իշխանություններին մեղադրել է ռուսամետության մեջ։ «Վրացական երազանք»-ն ինքը ռուսական ռեժիմ է, որն ամեն օր պաշտպանում է օկուպացիան», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG