Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է հաղթարշավը


Դրվագ Հայաստան-Ռումինիա հանդիպումից, Երևան, 31-ը մարտի, 2021թ.

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարում: Չորեքշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին 3:2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի թիմի նկատմամբ:

Դրամատիկ հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի նորեկ, Ռուսաստանի «Կրասնոդար» ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, ով փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկին: Ռումինիայի հավաքականը նախ 62-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 10 րոպե անց ևս մեկ գնդակ խփեց. երկու գոլերի հեղինակն էլ Ալեքսանդրու Չիկալդաուն էր: 78-րդ րոպեին մրցավարը Գեորգե Պուշկաշին կոպիտ խաղի համար հեռացրեց խաղադաշտից, և հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով: 87-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը, երկու րոպե անց էլ Տիգրան Բարսեղյանը 11-մետրանոցից խփեց հաղթական գնդակը՝ ռումինացիները տուգանային հրապարակում վայր էին գցել Սպերցյանին:

Հայաստանի հավաքականը հաղթել է ընտրական մրցաշարի բոլոր երեք հանդիպումներում և առավելագույն՝ 9 միավորով միանձնյա գլխավորում է J խմբի աղյուսակը:

Նշենք, որ երեք խաղերն էլ վնասվածքի պատճառով բաց թողեց թիմի առաջատար և ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Նույն օրն ավելի ուշ J խմբում Գերմանիա - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։1 հաշվով, Լիխտենշտեյնը սեփական հարկի տակ 1։4 հաշվով զիջեց Իսլանդիային:

Երրորդ տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակում 6-ական միավորով Հայաստանին հաջորդում են Հյուսիսային Մակեդոնիան և Գերմանիան, Ռումինիան և Իսլանդիան 3-ական միավորով կիսում են 4-5-րդ տեղերը, աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը, որն առայժմ միավոր չի վաստակել:

Չորրորդ տուրի հանդիպումները կկայանան արդեն աշնանը՝ սեպտեմբերի 2-ին Խոակին Կապառոսի սաները կհյուրընկալվեն Հյուսիսային Մակեդոնիային:

XS
SM
MD
LG