Մատչելիության հղումներ

Pfizer-BioNTech-ը մինչև տարեվերջ կարտադրի կորոնավիրուսի դեմ վակցինայի 2.5 միլիարդ դեղաչափ


Կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech ամերիկա-գերմանական համատեղ արտադրության վակցինան

Pfizer-BioNTech ամերիկա-գերմանական համատեղ ընկերությունը մինչև այս տարեվերջ կարտադրի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 և կես միլիարդ դեղաչափ:

Վակցինայի վաճառքի ընդհանուր ծավալը կկազմի 11 միլիարդ 700 միլիոն դոլար (մոտ 10 միլիարդ եվրո):

Համատեղ ընկերության գերմանական գործընկերը՝ BioNTech-ը, Մարբուրգ քաղաքում բացել է նոր մասնաշենք, ինչը, մասնագետների համոզմամբ, թույլ կտա էապես ավելացնել վակցինայի արտադրությունը:

Անցյալ շաբաթվա դրությամբ վակցինայի ավելի քան 200 միլիոն դեղաչափ է ուղարկվել ավելի քան 65 երկիր: BioNTech ընկերության Մարբուրգի արտադրամասի մենեջեր Վալեսկա Շիլինգի փոխանցմամբ, բոլոր գործընկերները, մատակարարները, ինչպես նաև աշխատակիցների ազգականները և բարեկամները գիտակցում են խնդրի կարևրությունը և սատարում են. «Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը շատ կարճ ժամկետում է հավանություն տվել մեր արտադրամասի աշխատանքին, մենք հպարտ ենք, ես և մեր թիմն աշխատում ենք»:

Pfizer-BioNTech-ի վակցինան ամբողջությամբ պաշտպանում է կորոնավիրուսից երկու ներարկումից հետո: Հիմա ընկերության մասնագետներն աշխատում են երրորդ դեղաչափի վրա, այն հաջողության դեպքում մարդուն պետք է պաշտպանի կորոնավիրուսի փոփոխված տեսակներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG