Մատչելիության հղումներ

Իտալիայում persona non grata են հայտարարվել Ռուսաստանի դեսպանատան երկու ծառայողներ


Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայո, 30-ը մարտի, 2021թ.
Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայո, 30-ը մարտի, 2021թ.

Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն Ֆեյսբուքի էջում տեղադրած գրառմամբ ծանուցել է, որ Հռոմն անհապաղ արտաքսում է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան երկու աշխատակիցների, «ովքեր կասկածվում են ապօրինի գործողությունների մեջ»:

Դի Մայոն հայտնել է, որ Հռոմում Ռուսաստանի դեսպանին հրավիրել են նախարարություն և տեղեկացրել դեսպանատան երկու աշխատակիցներին «անհապաղ վտարելու մասին»։

Նախարար Դի Մայոն նշել է, որ persona non grata՝ «անցանկալի անձ» հռչակված երկու ռուսաստանցիները, որոնց անունները չեն հրապարակվում, «ներքաշված էին լրտեսական գործունեության մեջ»:

«Ես շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի հատուկ ծառայություններին և պետական մարմիններին, որոնք աշխատում են հանուն մեր երկրի անվտանգության»,- հայտարարել է Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

«Անցանկալի անձ» հայտարարված երկու աշխատակիցներից մեկը դեսպանատան ռազմական կցորդն է: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե այս պահին հայտնի չեն այդ միջադեպի մանրամասները:

«Բոլոր դեպքերում մենք հուսով ենք պահպանել Իտալիայի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները», - նշել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG