Մատչելիության հղումներ

Հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն. նախագահը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին


Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է ձևավորվեն իրականության գետնի վրա, երեկ aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերությունների ձևավորման օրակարգին։

Նախ պետք է հստակ օրակարգ ունենալ, իսկ դրա երկու բաղադրիչները՝ անփոփոխ՝ վստահություն, կանխատեսելիություն, ասել է նախագահն՝ ընդգծելով՝ անկանխատեսելի գործընկերը գործընկեր չէ։

«Ինչպես կառուցել մեր հարաբերությունները մեր լավագույն բարեկամներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Չպետք է մոռանանք, որ խոսքը փոքր Հայաստանի և շատ ավելի մեծ հայ ժողովրդի մասին է, որը գտնվում է Կովկասում շրջափակված վիճակում: Բայց մեր ռազմավարական գործընկերն աշխարհի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ գերտերություններից մեկն է, միջուկային գերտերություն: Հետևաբար, նախ, մեր հարաբերությունները պետք է ձևավորվեն իրականության գետնի վրա: Երկրորդը, պետք է հստակ օրակարգ ունենանք, որը պրագմատիկ է: Գիտակցենք, որ այդ օրակարգը, որը հիմնական է, ամեն օր կարող է որոշակի փոփոխություններ ունենալ, որովհետև ամեն օր աշխարհն ու տարածաշրջանն են փոխվում, որովհետև նույնիսկ մենք՝ ներսում, ամեն օր փոփոխություններ ենք տեսնում: Սակայն հիմնական օրակարգը, մնալով նույնը, ևս մեկ կամ երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա: Դրանցից մեկը գործընկերների միջև վստահությունն է, երկրորդը՝ կանխատեսելիությունը: Սա նշանակում է, որ մեր գործընկերը պետք է մեզ համարի վստահելի և կանխատեսելի: Նույն ձևով էլ մենք իրեն համարենք: Անկանխատեսելի գործընկերը գործընկեր չէ», - ըստ նախագահի գրասենյակի՝ նշել է Արմեն Սարգսյանը:

Նրա համոզմամբ՝ պետք է չխուսափել գործընկերությունից, որը ռազմավարական է, երկարաժամկետ է, հենց նույն Ռուսաստանի հետ, որովհետև սա բնական է Հայաստանի համար:

«Չպետք է դրանից քաշվենք, որովհետև շատ մեր գործընկերներ նույն Արևմուտքում սա շատ լավ գիտակցում են: Երբ ԱՄՆ-ում Սենատի անդամների հետ խոսում ես Հայաստանի մասին, շատ ջերմ են, հետաքրքրված, պատրաստ են աջակցության, կապված են ԱՄՆ-ում համայնքի հետ, գիտեն, թե ինչ է Եղեռնը, աջակից են և այլն: Բայց, միաժամանակ, երբ խոսքը պրագմատիկ, իրական քաղաքականության մասին է, նրանք են առաջինը ասում՝ դուք հատուկ հարաբերություններ ունեք Ռուսաստանի հետ՝ ելնելով պատմությունից, անցած ճանապարհից, այսօրվա տարածաշրջանային քաղաքականությունից: Եվ այդտեղ որևէ բացասական բան նրանք չեն տեսնում: Հետևաբար, հատուկ հարաբերություններ ունենալով նույն Ռուսաստանի հետ՝ մենք կարող ենք շատ խոր և ջերմ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Հեռավոր Արևմուտքի՝ Ամերիկաների հետ, և՛ Արևելքի, և՛ նաև հարավի հետ և այլն: Այդտեղ որևէ հակասություն չկա, այնքան ժամանակ, որքան մենք ազնիվ ենք քաղաքականության իմաստով, պրագմատիկ ենք, հավասարակշիռ և տրամաբանական ենք մեր քաղաքականության մեջ: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք վստահելի ենք և կանխատեսելի», - ընդգծել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG