Մատչելիության հղումներ

Ինչպես էր Ադրբեջանը ներթափանցում Գերմանիայի կառավարող շրջանակներ․ Vice News


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

«Տարիներ շարունակ Գերմանիայի քաղաքական և մեդիա շրջանակներում լոբբիստական ցանց է գործել, որն ուղղակիորեն ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից», - նախօրեին հրապարակված ծավալուն հոդվածում այս մասին գրում է լրագրողական հետաքննությունների ասպարեզում մասնագիտացած Vice News կայքը։

Նյու Յորքում գործող այս լրատվամիջոցի գերմանական խմբագրությունն ուսումնասիրել է Բեռլինի քաղաքական շրջանակների կապերը ադրբեջանական իշխանությունների հետ՝ բացահայտելով դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մի շարք բարձրաստիճան կուսակիցների կապերը պաշտոնական Բաքվի հետ։

«Նավթով հարուստ և քննադատներին բանտ նետելու հակվածություն ունեցող Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է իրեն ավելի բարենպաստ իմիջ ձևավորել Եվրոպայում՝ կաշառքների միջոցով», - գրում է Vice News-ը՝ ներկայացնելով Իլհամ Ալիևի վարչակազմի հետ համագործակցած գերմանացի քաղաքական գործիչների ցանկը։

Առաջինն այդ ցուցակում Բունդեսթագի պատգամավոր, Էկոնոմիկայի նախարարության խորհրդարանական պետքարտուղար (Գերմանիայում այդ պաշտոնը հավասարազոր է փոխնախարարին) Թոմաս Բարեյսն է։

«Այս պատգամավորը առանցքային դերակատարություն ունի Մերկելի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունում։ Վերջին տարիներին նա մի քանի անգամ այցելել է Բաքու, իսկ անցած տարի, Covid 19-ի համաճարակի առաջին ալիքի գագաթնակետին, Բարեյսը նույնիսկ առաջարկել էր Ադրբեջան արհեստական շնչառության սարքեր մատակարարել», - գրում են Vice News-ի լրագրողները՝ հատուկ ընդգծելով, որ պատգամավորի այդ առաջարկը մերժվել էր, քանի որ այդ պահին բուն Գերմանիայում նման սարքերի սուր պակաս էր զգացվում։

Բաքվի հետ համագործակցած մյուս գերմանացի օրենսդիրը Օլավ Գուտինգն է։ Մերկելի այս մի կուսակիցը աչքի էր ընկել 2018 թվականի ամռանը կայացած գերմանա-ադրբեջանական տնտեսական համաժողովի ընթացքում, երբ իր ելույթում խոսել էր՝ «ադրբեջանական ժողովրդավարության երկարատև պատմության» մասին։

Կայքի տեղեկություններով՝ Գուտինգի խորհրդարանական գրասենյակում վերապատրաստում էր անցնում նաև ադրբեջանցի մի երիտասարդ, որը Ֆեյսբուքի իր օգտահաշվում նախագահ Ալիևի հասցեին մի շարք քծնանք պարունակող գրառումներ է կատարել, իսկ հայերին անվանել է՝ «անասուններ և շներ»։

«Ադրբեջանի հետ համագործակցած ևս մեկ գերմանացի օրենսդիրը օրերս Կուբա կատարած մասնավոր այցի ընթացքում մահացած Կարին Շտրենցն էր», - գրում է Vice News-ը։

Կայքի տեղեկություններով՝ դեռ ամիսներ առաջ Ֆրանկֆուրտի դատախազությունը սկսել էր հետաքննել Շտրենցի կապերը ադրբեջանական իշխանությունների հետ՝ կասկածելով նրան կաշառակերության և փողերի լվացման մեջ։ Դատախազության պնդմամբ՝ Կարին Շտրենցը 2014 և 2015 թվականներին Ադրբեջանից առնվազն 15 հազար եվրո էր ստացել։ «Եթե այս մեղադրանքները դատարանում ապացուցվեին, ապա Շտրենցը կարող էր մինչև հինգ տարվա ազատազրկման դատապարտվել», - նշում են հետաքննող լրագրողները։

Շտրենցի և պաշտոնական Բաքվի սերտ կապերի մասին Vice News-ին պատմել է նաև Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր, Կանաչների կուսակցությունը ներկայացնող, Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամ Թաբեա Ռյոսները։

«2015 թվականին Ռյոսները այդ խմբի կազմում այցելել էր Բաքու։ Նա հիշում է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ Շտրենցը պնդում էր, թե խոսակցությունը ինքը պետք է վարի։ Իսկ նույն օրը երեկոյան, Ալիևը հատուկ կանգ էր առել այն հյուրանոցում, որտեղ իջևանել էին գերմանացի պատգամավորները, նախասրահում գրկելով և համբուրելով Կարին Շտրենցին», - գրում է Vice News-ը։

Լրագրողական հետաքննության հեղինակների պնդմամբ, սակայն, Ադրբեջանի իշխանությունները սերտ կապեր էին ստեղծել ոչ միայն գերմանացի օրենսդիրների, այլև լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ։ Այս առումով ուշագրավ է հատկապես TV Berlin հեռուստաընկերությունը, որն, ըստ Vice News-ի՝ «զարմանալիորեն հաճախ և զարմանալիորեն կողմնապահ դիրքերից է լուսաբանել Ալիևի վարչակազմի գործունեությունն ու ղարաբաղյան հակամարտությունը»։

Գերմանացի լրագրող Շտեֆան Նիգեմայերը 2013-ին սնանկությունից մի կերպ փրկված այս հեռուստաալիքը բնութագրել է, որպես «ադրբեջանական պետական ալիք»։

TV Berlin-ի աշխատանքներին ներսից քաջածանոթ անձանցից մեկը հետաքննող լրագրողներին հայտնել է, որ ալիքի շատ հաղորդումներ պատվիրվել և անուղղակիորեն ֆինանսավորվել են Ադրբեջանի կառավարության կողմից։

«Հեռուստաընկերության մոտ կանգնած մյուս աղբյուրները հաստատեցին այս տեղեկատվությունը», - գրում է Vice News-ը։

Հետաքննող լրագրողներին հաջողվել է նաև պարզել, որ հաղորդումների պատվերները և ֆինանսավորումը ստացվել են այսօր արդեն գոյություն չունեցող «Եվրոպայի ադրբեջանական ընկերակցություն» (TEAS) լոբբիստական կառույցի կողմից, որի հիմնադիրներն էին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ազդեցիկ նախարար Քեմալեդդին Հեյդարովի որդիները։

Պակաս ուշագրավ չէ 2008-ից 2018 թվականներին գոյություն ունեցած այս կազմակերպության գերմանական մասնաճյուղի ղեկավար, ադրբեջանական ծագում ունեցող իրանցի Շահին Նամաթիի անձը։ Գործարար Նամաթին, ըստ Vice News-ի, կազմակերպում էր գերմանացի քաղաքական գործիչների այցերը Բաքու, ընդունելություններ ճոխ Hotel de Rome հյուրանոցում, ինչպես նաև ջազային համերգներ, որոնց ընթացքում պատմում էին ադրբեջանցի փախստականների ծանր ճակատագրի մասին։

«Փախստականների թեման այն առանցքային ռազմավարական հնարքն էր, որ կիրառում էր Ալիևի վարչակազմը համակրանք ձեռք բերելու համար», -գրում են Vice News-ի լրագրողները՝ նշելով նաև ադրբեջանցի լոբբիստի՝ Գերմանիայի քաղաքական շրջանակներում ունեցած սերտ կապերի մասին։

«Նամաթին հազվադեպ տրամադրվող մի անցագիր ուներ, որը թույլ էր տալիս նրան օրվա ցանկացած ժամի մուտք գործել Բունդեսթագ՝ այցելելով պատգամավորների գրասենյակներ։ Բավական հաճախ նա պահպանողական պատգամավորների հետ աշխատում էր Ալիևի վարչակազմը պաշտպանող հայտարարությունների վրա, որոնք հետագայում տեղադրվում էին Ադրբեջանի լրատվական կայքերում», - գրում է Vice News-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG