Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիր գործչի համոզմամբ` իշխանություններն են դստեր սեռական կյանքի մասին տեսանյութեր տարածել


Ջամիլ Հասանլին

Ադրբեջանական սոցիալական ցանցերում անհայտ անձանց կողմից տարածվել են ընդդիմադիր առաջնորդ Ջամիլ Հասանլիի դստեր սեռական կյանքին վերաբերող գաղտնի նկարահանված տեսանյութեր։ Հոր համոզմամբ` այդ ամենի ետևում կանգնած են իշխանությունները։

«Իլհամ Ալիևն ու նրա անվտանգության ծառայությունները դստերս՝ Գյունել Հասանլիի անձնական կյանքի մասին տեսանյութ են հրապարակել։ Մարդկանց մասնավոր կյանքին միջամտելը, հետապնդումը, կեղտոտ քթերը ննջասենյակներ խոթելը նրանց հին սովորույթներից են»,- ասել է Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» առաջնորդը։

«Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերեմլին էլ հայտարարել է, որ Հասանլիի դեմ հոգեբանական տեռորը վկայում է կառավարության ստորության մասին։ Մեկ այլ ընդդիմադիր գործիչ` Բախտիյար Հաջիևի խոսքերով` Իլհամ Ալիևը ընդդիմախոսների և մրցակիցների դեմ պայքարի համար ընտրել է ոչ ադեկվատ ու անընդունելի մեթոդներ:

«Ամենամեծ անբարոյականությունը ոչ թե այն է, թե ինչով է զբաղվում իր մասնավոր կյանքում ինչ-որ մեկի զավակը, այլ այն, որ երկրի ղեկավարությունը միլիարդներ լափելով ոտնահարում է տասնյակ միլիոնավոր մարդկանց իրավունքները, ուրիշների ողբերգության վրա շքեղ կյանք կառուցում»,- հայտարարել է Հաջիևը։

Ալիևի վարչակազմը ոևւէ կերպ չի մեկնաբանել աղմկահարույց իրադարձությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG