Մատչելիության հղումներ

Ոստիկանության մայորը կալանավորվել է կաշառառության կասկածանքով


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է Ոստիկանության ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին։

Հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ Երևանի վարչության ծառայողները, համագործակցելով Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ, պարզել են, որ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մ.Ե․-ն, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով վկա Ն.Հ․-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ նրա նկատմամբ հնարավոր քրեական հետապնդում հարուցելուց զերծ պահելու հարցում պաշտոնատար անձանց միջնորդելու, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում որպես վկա կանչելու դեպքում վերջինիս նախապես իրազեկելու, հարցաքննությունն ուղղորդելու համար, Ա.Ղ․-ի խորհուրդներով և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակություն ստանալու պայմաններում, մարտի 22-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի սրճարաններից մեկում, Ն.Հ․-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 638 հազար 800 դրամին համարժեք 5 հազար դոլար կաշառք, սակայն Ա.Ղ․-ի օժանդակությամբ և Ն.Հ․-ի հետ սակարկությունների արդյունքում, պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4 հազար դոլար կաշառք: Ն.Հ․-ն ընդունել է Մ.Ե․-ի առաջարկը, պայմանավորվել գումարը տալ մաս-մաս, խոստացել է մի քանի ժամվա ընթացքում տալ կաշառքի գումարի մի մասը՝ 2 հազար դոլարը, և գումարը բերելու նպատակով հեռացել է սրճարանից:

«Ճանապարհին Ն.Հ․-ն, գիտակցելով, որ իր կողմից կաշառք տալը ևս քրեորեն պատժելի արարք է, ինքնակամ ներկայացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն և պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որից հետո արդեն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նույն օրը պայմանավորված կաշառքի գումարից 2 հազար ԱՄՆ դոլարը նույն սրճարանում Ա.Ղ․-ի ցուցումով փոխանցել է Մ.Ե․-ի մատնանշած անձին՝ այդ կերպ փաստացի վերջիններիս օժանդակությամբ Մ.Ե․-ն քողարկել է իր կողմից կաշառքի գումարը ստանալու փաստը։
Այնուհետև, Մ.Ե․-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Ն.Հ․-ից պահանջել է պայմանավորված կաշառքի մնացած մասն իրեն փոխանցել դարձյալ Ա.Ղ․-ի միջոցով 2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 13-ի սահմաններում», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։

Մարտի 24-ին նույն սրճարանի մոտակայքում օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում 2 հազար դոլարն անձամբ Ա.Ղ․-ի կողմից ստանալուց և այն մեկ այլ օժանդակող Է.Ե․-ին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս, այդ թվում՝ դեպքի վայրում գտնվող Մ.Ե․-ն, բռնվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ծառայություն:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում Մ.Ե․-ն, Ա.Ղ․-ն և Է.Ե․-ն ձերբակալվել են: Մ.Ե․-ի և Ա.Ղ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված կաշառքի գումարի մի մասը, իսկ մնացած մասը հայտնաբերվել է Է.Ե․-ի վարած ավտոմեքենայի սրահում խուզարկության արդյունքում:

Որոշումներ են կայացվել ոստիկանության ծառայողին և նրան օժանդակողներին Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մ.Ե․-ի և Է.Ե․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Ա.Ղ․-ի և Ն.Հ․-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG