Մատչելիության հղումներ

ԳԱԱ ցանցում գործած ինստիտուտների գիտնականները նոր օրենքում բարեփոխումներ չեն տեսնում


Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը, արխիվ
Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը, արխիվ

Բարձրագույն կրթության ու գիտության մասին վերջնական ընդունված ընդարձակ օրենքում Գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ) հատկացված է ընդամենը 1 հոդված՝ 7 ոչ ծավալուն կետերով, սակայն օրենքի ընդունումից հետո գիտության ու կրթության համակարգում ամենածավալուն փոփոխությունները սպասվում են հենց այս շենքում։

Ակադեմիայի ցանցում գործող ավելի քան 30 ինստիտուտներն այսուհետ գործելու են անկախ, իսկ ակադեմիան դառնալու է «ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն», շնորհելու է գիտական տիտղոսներ, տրամադրելու է խորհրդատվություն պետական քաղաքականություն մշակող մարմիններին։

«Փաստորեն, եթե մի քիչ խիստ արտահայտվեմ, լուծարվում է կլասիկ գոյություն ունեցող դասական ակադեմիան, որովհետև ակադեմիան իրենից ներկայացնում է գիտական կազմակերպությունների և գիտնականների միություն, համակարգում, իսկ այդ օրենքում միայն հեղինակները թողել են, որ ակադեմիան գիտնականներին է միայն համակարգում, համալրում և, փաստորեն, գիտական կազմակերպությունները ակադեմիայից մնում են դուրս», - ասաց 2006 թվականից գիտությունների ակադեմիան ղեկավարող Ռադիկ Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք դեմ էին արտահայտվել այս փոփոխություններին, բայց ակադեմիկոսների կարծիքը կառավարությունը հիմնականում չլսեց։ Ակադեմիայի բազմամյա ղեկավարը չունի հարցի պատասխանը, թե ինչո՞ւ կառավարությունը որոշեց գնալ այս փոփոխություններին։

«Ոչ ոք մեզ չէր բացատրում, թե ի՞նչ անհրաժեշտություն կար նոր օրենք գրելու: Մի տեղ կա մի հպանցիկ, այսպես ասած, դրույթ, որ իբր այսօրվա իրավիճակում ինստիտուտները լիարժեք անկախ չեն», - նշեց Մարտիրոսյանը:

Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորելիս կառավարությունը գրել է, որ «հնարավորություն են տալու ԳԱԱ համակարգում գործող գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործել», Մարտիրոսյանը, սակայն, ասում է՝ երբ դեռ ամիսներ առաջ նախագիծը սկսեց շրջանառվել, քվեարկություն անցկացրին գիտական ինստիտուտների աշխատակիցների շրջանում, ճնշող մեծամասնությունը կողմ էր՝ մնալ ակադեմիայի ցանցում և ոչ թե գործեր անկախ։ Միգուցե կառավարությունը գոհ չէ՞ ակադեմիայի և այդ կառույցը ղեկավարող նախագահության 15 անդամների աշխատանքից, այդ պատճառով սահմանփակում է նրանց լիազորությունները, հետաքրքրվեցինք Ռադիկ Մարտիրոսյանից. պարզվում է, սակայն, որ կառավարության և ակադեմիկոսների միջև երկխոսություն առանձնապես երբեք էլ չի եղել։

«Երբևիցե այդպիսի քննարկում չի եղել, դա կօգներ և՛ մեզ, և՛ ընդհանրապես այն ընդհանուր մոտեցմանը երկրի զարգացման հարցերում: Մենք ենք միշտ, այսպես ասած, փորձել հուշել, որ անհրաժեշտ են նման տիպի քննարկումներ, ցավոք սրտի, չէ, առանձնապես չի եղել», - ընդգծեց ակադեմիայի ղեկավարը:

Նոյեմբերի վերջին պատերազմից հետո ակադեմիայի նախագահությունը պահանջել է կառավարության հրաժարականը, արդյոք գործադիրի ու ակադեմիայի հարաբերություններում լարվածություն կա՞, Ռադիկ Մարտիրոսյանը այս ձևակերպման հետ համաձայն չէ, նախ, ասում է, իրենց կառույցը կտրուկ փոփոխությունների ենթարկող նախագիծը վաղուց էր շրջանառվում, հրաժարականի պահանջի հնչեցումից ամիսներ առաջ։ Այլ հարց է, որ, ըստ Մարտիրոսյանի, և՛ գործող, և՛ նախկին կառավարությունները գիտության հանդեպ անտարբեր են եղել. «Այսօր գիտությունը զարգանալու համար գոնե ՀՆԱ-ի 1 տոկոսը պետք է լիներ: Ոչ միայն այս կառավարությունը, այլ նախորդներն էլ մի առանձնապես նույն վիճակն է եղել»:

Ռադիկ Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 20-ին, թեև այն օրենքը, որը սահմանում էր ակադեմիայի ղեկավարի ընտրության կարգն ու պատշոնավարման ժամկետները, այլևս չի գործում։

Թե ի՞նչ է սպասվում ակադեմիային առաջիկա ամիսներին, դեռ հայտնի չէ, պետք է նստեն ու նոր կանոնադրություն գրեն, սահմանեն իրենց գործառույթները, ըստ Ազգային ժողովի ընդունած նոր օրենքի։ Մինչ այդ ակադեմիայի ցանցում գործած ինստիտուտների գիտնականներն ասում են՝ նոր օրենքում բարեփոխումներ չեն տեսնում, ընդհակառակը բազմաթիվ թաքնված վտանգներ կան։

«Այդ ինստիտուտները միավորված էին ակադեմիայի կառույցի ներքո, այսինքն այդպես հովանոցային կառույցի տակ էին գտնվում, իսկ հիմա, եթե այդ հովանոցի տակից դուրս գան, հարց է լինելու՝ ամեն մի ինստիտուտի ճակատագիրն ինչպե՞ս է որոշվելու: Օրինակի համար՝ որոշ ինստիտուտներ գուցե կցվեն ինչ-որ համալսարանների: Մենք ժամանակին ունեցել ենք անկախ ինստիտուտներ, շատերի ճակատագիրը շատ տխուր ավարտ է ունեցել», - ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատողի խոսքով՝ իրենց ինստիտուտը անկախության պակաս առանձնապես երբեք չի զգացել, մի մտահոգություն՝ որ առաջ էր քաշել կառավարությունը։ Լավ ծանոթ է Հայաստանի գիտության պատմությանը, Խորհրդային Միության ժամանակ գործած տասնյակ ինստիտուտները, որոնք դուրս են եղել ակադեմիայի ցանցից, այսօր պարզապես գոյություն չունեն։

«Ավելին՝ օրինակներ կան լրիվ այլ երկրների հետ կապված, նույն Վրաստանի, երբ որ այնտեղ նույնպես ակադեմիա կար, ակադեմիան, ըստ էության, ձևափոխեցին ռեֆորմների ենթարկեցին, այնտեղի ակադեմիայի ինստիտուտները վերցրեցին կցեցին տարբեր համալսարանների, մենք տեսանք, որ առանձնապես որևէ դրական բան իրենց կյանքում տեղի չունեցավ: Ավելին՝ որոշ ինստիտուտներ նաև փակվեցին Վրաստանում դրանից մի քանի տարի հետո: Շատ կարևոր է, որ եթե մենք ինչ-որ բարեփոխում ենք անում, հստակ ծրագիր առաջարկենք, թե ինչ է սպասվում այդ ինստիտուտներին առաջիկա 10-20 տարվա կտրվածքով», - նշեց Զաքարյանը:

XS
SM
MD
LG