Մատչելիության հղումներ

Փորձագետները պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքում ԱԱԾ առաջարկած փոփոխություններում որոշ խնդիրներ են տեսնում


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) որոշել է փոփոխել 1996-ից գործող պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը՝ հայտարարելով, որ այն վերանայելու, կատարելագործելու կարիք կա, քանի որ դրա մի շարք դրույթներ չեն համապատասխանում ներկա պահանջներին, ինչպես նաև միջազգային փորձին։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում ԱԱԾ-ի հրապարակած հիմնավորումների մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխություններն արվում են՝ Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պաշտպանելու, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքի հետ կապված այլ կարգավորումներն արդիականացնելու նպատակով։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ առաջին հայացքից օրինագիծը չի տարբերվում գործող օրենքից, ինչը նշանակում է, որ ԱԱԾ-ն չի հրաժարվում բացարձակ գաղտնիության սկզբունքից, և այս դեպքում կարևորը սահմանափակումներն են, ոչ թե հանրության՝ տեղեկացված լինելու շահը։

«Խոսքը վերաբերվում է պառլամենտական արդյունավետ վերահսկողության մասին պետական և ծառայողական գաղտնիք տիրապետող գերատեսչությունների նկատմամբ, որի նպատակն է, որպեսզի գաղտնիության քողի տակ խախտումները և ապօրինությունները կանխվեն, չկա էդ մեխանիզմն էստեղ», - ասաց իրավապաշտպանը։

Սաքունցը ընդգծում է՝ օրինագիծում պետք է մանրամասն ներկայացվի յուրաքանչյուր սահմանափակման անհրաժեշտությունը, ինչը, սակայն, չի արվել։

Ի՞նչ հիմքերով պետք է սահմանափակվի, օրինակ, տեղեկատվության ազատության իրավունքը, օրինագիծը չի անդրադառնում դրան։

«Դեռևս 2014 թվականին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մասնակցությամբ իրենք օրենքի մի նախագիծ էին մշակել՝ Հանրային ոլորտի տեղեկատվութան պաշտպանության մասին օրենքի նախագիծ, որում հենց անդրադառնում է տեղեկատվության գաղտնիության սահմանների օրենսդրական սահմանման մասին։ Այսինքն՝ հանրային ոլորտի որ տեղեկատվությունն է ինչ աստիճանի պաշտպանություն ունենալու և այդ պաշտպանության հիմնավորումները։ Այսինքն՝ պետք է հասկանալ երկու մոտեցումների էական տարբերությունը։ Այսինքն՝ պետք է տեղեկատվության բնագավառի կառավարմանը մոտենալ ոչ թե հենց սահմանափակումների սահմանման տեսակետից, այլ տեղեկատվության մատչելիության սկզբունքի տեսակետից», - ասաց Սաքունցը։

ԱԱԾ հրապարակած նախագծում հստակեցվել են գաղտնիության աստիճանի, գաղտնի տեղեկություններին առնչվող թույլտվության, գաղտնի տեղեկությունների պաշտպանության միջոցների, գաղտնիության դրոշմագրի և այլ հասկացությունների սահմանումները:

Նշվում է, որ հստակեցվել է նաև տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, ինչպես նաև նախատեսվել են գաղտնի տեղեկատվությանն առնչվող մի շարք այլ փոփոխություններ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն «Ազատության» հետ զրույցում ընդհանուր առմամբ դրական է գնահատում ԱԱԾ առաջարկած փոփոխությունները՝ ուշադրություն հրավիրելով օրիանագծում տեղ գտած այն փոփոխություններին, որոնք գաղտնի չեն կարող համարվել։

«Լրացվել է մի դրույթ այն տեղեկությունների ցանկում, որոնք չեն կարող ընդհանրապես գաղտնագրվել․ նախկինում կային չորս խումբ տեղեկություններ, հիմա ևս մեկն է ավելացել, որը վերաբերում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելուն, վերացնելուն ուղղված արձագանքնման պաշարի մասին տվյալներին», - ասաց Դոյդոյանը։

Ըստ հրապարակված օրինագծի, ռազմական, ռազմարդյունաբերական բնագավառի տեղեկությունները դասվում են պետական և ծառայողական գաղտնիքի շարքին։ Գաղտնի են համարվում նաև Հայաստանի արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական՝ առևտրային, վարկային և արժութային գործունեության մասին տեղեկությունները, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարևոր շահերին։

Նախատեսվում է, որ օրինագծի ընդունումից հետո արդեն կառավարությունը կհրապարակի գաղտնիք որակվող տեղեկությունների ցանկը, ինչից հետո արդեն հնարավոր կլինի հստակեցնել խնդիրները։

«Ձևակերպումներ կարելի է փոխել, բայց ընդհանուր առմամբ բովանդակային առումով ես խնդրահարույց դրույթներ չեմ նկատել, բայց ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ շատ լավ է, որ նախագիծը դրվել է e-draft-ում, բայց միայն այս հարթակում տեղադրելը դեռևս բավարար չէ այս կարևորության փաստաթուղթը համարել, որ հանրային քննարկման փուլ է անցել։ Անպայման սկսեն ոլորտային մասնակիցների հետ, շահառու խմբերի հետ առանձին քննարկումներ, որպեսզի բոլոր խնդիրները, որոնք կարող են առնչվել այս խմբերի շահերին անպայման քննարկվեն և իրենց լուծումը ստանան», - ասաց Դոյդոյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակած նախագծի վերաբերյալ քաղաքացիները մինչև ապրիլի 7-ը հնարավորություն ունեն առաջարկներ ներկայացնելու, ինչից հետո այն կամ կուղարկվի խորհրդրան, կամ էլ կուղարկվի հետ՝ լրամշակման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG