Մատչելիության հղումներ

Փաշինյանը պնդում է, թե Су-30-ների մասին իր հայտարարությունները հակասական չեն


Իմ հայտարարությունների մեջ հակասություն չկա, այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսքը Փաշինյանի վերջերս արված հայտարարության մասին է, թե Երևանը ռուսական կործանիչները ձեռք է բերել անցած տարվա մայիսին և չի հասցրել մինչև 44-օրյա պատերազմը գնել կործանիչների հրթիռները։ Այնինչ, 2019թ. դեկտեմբերին վարչապետի մամուլի ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրին, որ հայկական Զինված ուժերը համալրվել են Су-30СМ կործանիչներով, իսկ անցած տարվա հուլիսին Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, թե Су-30СМ-երը հաջողությամբ փորձարկել են հրթիռներ։ Փաշինյանի հակասող հայտարարությունների մասին այսօր հարց ընթերցեց նրա թիմակից, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են, բայց այդ զենքն ունի իր ամբողջության մեջ իր հրթիռներով և սարքավորումներով, և կարծում եմ` ակնհայտ է, որ ինքնաթիռի և տարբեր մոդիֆիկացիայի հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն` նույն տեղում չի արտադրվում, և հետևաբար անհրաժեշտ է լինում դրանք, ոչ թե ամբողջությամբ է ձեռք բերվում, այլ հատվածական տարբեր սուբյեկտներից: Су-30СМ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին և այո, իրականացրել վարժական թռիչքներ և օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանում արդեն իսկ Հայաստանի զինանոցում եղած են եղել: Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այդմ, թե եղած սպառազինությունն ինչքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները: Եվ այն, ինչ որ ասել եմ Օհանավան գյուղում, և այն, ինչ որ նախկինում հայտարարել եմ, այդ հայտարարությունները, էլի եմ ասում, մեկը մյուսին չեն հակասում. ցավոք սրտի, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները` հրթիռները, որոնք հնարավորություն կտային Су-30СМ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ», - ասաց Փաշինյանը:

Այս երկու հայտարարությունների մեջ հակասություն կար նաև ժամկետների առումով, որոնց, սակայն, Փաշինյանը չանդրադարձավ։ Բայց քանի որ հարցը հնչեցնող Ալեն Սիմոնյանի համար ամեն ինչ պարզ էր, նա չօգտվեց արձագանքի հնարավորությունից։

«Ինձ համար, համենայն դեպս, պարզ է ամեն ինչ», - ասաց Սիմոնյանը:

Կործանիչների մասին վարչապետին հարց ուներ նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը։ Բայց առաջին անգամը չէ, որ Սամսոնյանի՝ վարչապետին ուղղած հարցին պատասխանում են փոխվարչապետերը։ Այս անգամ ամբիոնին մոտեցավ Տիգրան Ավինյանը:

«Ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլացնել և հասարակության համար ստեղծել մի իրավիճակ, որ մարդիկ խճճվեն այդ ստի մեջ», - հարցրեց պատգամավորը:

«Су-30СМ ինքնաթիռների վերաբերյալ ամբողջական պատասխանը հնչեց, և այդ մասով ուղղակի ավելացնելու բան չկա», - պատասխանեց Ավինյանը:

Սամսոնյանն արձագանքեց. «Պարոն Ավինյան, ես Ձեզ հասկանում եմ, ծանրագույն բեռ է այլոց ստերի համար երբեմն պատասխան տալ, ինչը Դուք հիմա փորձում եք անել»:

Բանակի կառուցվածքը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին, ԱԺ ամբիոնից պատասխանելով բանակում կատարվող փոփոխությունների մասին հարցին` ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Լուսավորից» մեկ այլ պատգaմավորի՝ Գևորգ Գորգիսյանի հարցը լսելուց հետո նախարարը նախընտրեց այս դեպքում գրավոր պատասխանել։

«Առաջնագիծը պատշաճ կահավորված չէ, զինվորների կեցության պայմանները պատշաճ չեն, զինվորներին Ա կետից Բ կետ չեք կարողանում տեղափոխել, զինվորները մարտական հերթապահությունից լայվ են մտնում` մարտական դիրքերից, զինվորները ձնաբխին կորչում են, հերթափոխ իրականացրած քաղաքացիներին ամիսներով չի տրվում աշխատավարձ, որը պարտավոր ենք տալ: Այս քաոսն ինչքա՞ն է տևելու, պարոն նախարար, Դուք ինչո՞վ եք զբաղված, որ բանակում այս իրավիճակն է, ես ուզում եմ հասկանալ», - հարցրեց Գորգիսյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի քննարկումների վերաբերյալ. «Հիմնականում քննարկվում են երկաթգիծ-ավտոճանապարհ, ես ենթադրում եմ, որ Դուք ասում եք «Կոմերսանտում» հրապարակված քարտեզի մասին, ո՛չ, այդ քարտեզի մասին չի խոսքը: Ըստ էության, սովետական ժամանակվա գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը բոլոր հնարավոր ուղղություններով»:

Ի տարբերություն նախորդ ամիսների ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի` հարցերնայս շաբաթ շատ չէին, իսկ մեծությամբ երկրորդ՝ ընդդիմադիր խմբակցութուն ԲՀԿ-ի պատգամավորներն այսօր ընդհանրապես ոչ մի հարց չտվեցին։ Ավելացել են նաև դեպքերը, երբ կառավարությունը պատգամավորների հարցերը լսելուց հետո ասում է, թե դրանց գրավոր կպատասխանեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG