Զատիկի տոնին ընդառաջ լոքդաուն հայտարարելու որոշումը սխալ է, իշխանությունները չեղարկում են նոր սահմանափակումների պլանները, այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` խոստովանելով, որ սխալի ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը։
«Ես խորապես զղջում եմ և հայցում բոլոր քաղաքացիների ներողությունը»,- այսօր հայտարարել է Մերկելը և հավելել, որ տեղյակ է՝ սահմանափակումները երկարաձգելու որոշումը բնակչության շրջանում լրացուցիչ անվստահություն է առաջացրել:
Գերմանիայում անցած տարվա դեկտեմբերին սահմանված հակահամաճարակային խիստ սահմանափակումները երկարաձգելու որոշում է կայացվել նախօրեին՝ շուրջ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում։
Կորոնավիրուսի վարակակիրների թվով Գերմանիան աշխարհում 10-րդն է՝ շուրջ 2 միլիոն 700 հազար վարակակիր, 75 հազար 200 զոհ: Մասնագետների կանխատեսումների համաձայն` Գերմանիայում լոքդաունը կարող է չեղարկվել լավագույն դեպքում աշնանը: