Մոսկվայի դատարանը տուժող է ճանաչել հոր միտումնավոր սպանության մեջ մեղադրվող հայազգի քույրերին:
Մոսկվայի բնակիչներ երեք քույրերը՝ 19-ամյա Կրիստինա, 18-ամյա Անգելինա և 17-ամյա Մարիա Խաչատուրյանները, ըստ քննիչների, 2018 թվականի հուլիսի 27-ին սառը զենքով սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին:
Աղջիկները հարցաքննության ընթացքում խոստովանել են, որ նախնական համաձայնությամբ միասին հարձակվել են բազկաթոռին քնած հոր վրա, Կրիստինան արցունքաբեր հեղուկացիրով պղպեղի գազ է արձակել հոր դեմքին, իսկ Անգելինան և Մարիան մուրճով ու հոր մեքենայից վերցրած որսորդական դանակով հարվածներ են հասցրել:
Հայրն արթնացել է, բնակարանից դուրս է վազել, հասել է սանդղավանդակ, որտեղ Անգելինան Մարիայի ձեռքից վերցրել է դանակը և մեկ դիպուկ հարված է հասցրել հոր սրտին:
Կրիստինան և Անգելինան կարող են դատապարտվել 8-ից 10-ը տարվա զատազրկման, սակայն Մարիան, ով, ի դեպ, ըստ քննիչների, հորն ամենաշատ հարվածներն է հասցրել, 2018-ի հուլիսի 27-ի դրությամբ անչափահաս էր և ազատված է քրեական պատասխանատվությունից, թեպետ նրա նկատմամբ կարող է ընդունվել հոգեբուժարանում պարտադիր կուրս անցնելու որոշում:
Այս աղմկահարույց պատմությունը մեծ արձագանք է ստացել ամբողջ Ռուսաստանում, ի պաշտպանություն քույրերի կազմակերպվել են բազմաթիվ ցույցեր, հարյուրավոր հեղինակավոր ռուսաստանցիներ՝ իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, արվեստի գործիչներ, ստորագրահավաք են կազմակերպել, նամակներ են գրել դատական իշխանություններին:
Հայազգի աղջիկների անվան հետ կապված հրեշավոր պատմությունը, կարծես, սարսափ ֆիլմից լինի:
Առաջին իսկ հարցաքննության ժամանակ նրանք պնդել են, որ ստիպված են սպանել հարազատ հորը, քանի որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ նրանց ստորացրել է, պատժել է ամենաաննշան թերացման համար, հոգեկան և ֆիզիկական տանջանքների է ենթարկել և, ինչն ամենասարսափելին է, աղջիկներին պարտադրել է սեռական բնույթի գործողություններ, այդ թվում՝ այլանդակ, անբնական եղանակներով:
Միխայիլ Խաչատուրյանը վստահ ունեցել է հոգեկան խնդիրներ, որոշ ժամանակ բուժվել է հոգեբուժարանում:
Հանգուցյալի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար պահանջվում է նրա ազգականների համաձայնությունը: Անցյալ տարվա դեկտեմբերին ազգականներն այն տվել են:
Միխայիլ Խաչատուրյանի ավագ քույրը՝ Նաիրան, համոզված է, որ եղբայրն անմեղ է: «Մենք համաձայնություն տվեցինք քրեական գործին, քանի որ հավատում ենք, որ Միխայիլը կարդարացվի»,- ասել է հանգուցյալի քույրը:
Մարտ ամսից դատարանը սկսել է քննել Միխայիլ Խաչատուրյանին առնչվող հանգամանքները, և երեկ փաստաբանները քույրերին պաշտոնապես տեղեկացրել են, որ դատարանը նրանց տուժող կողմ է ճանաչել: Այս զարհուրելի գործը նոր ընթացք է ստացել:
«Մենք պնդում ենք, որ կտտանքների պայմաններում անցկացրած տարիներն են աղջիկներին ստիպել անել այն, ինչ արել են, նրանք են տուժող կողմը», - ասել է փաստաբան Յարոսլավ Պակուլինը: