Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» կողմ է համամասնական ընտրակարգով գնալ արտահերթին, ԼՀԿ-ը` այս փուլում կտրականապես դեմ


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» հակված է արտահերթ ընտրություններին գնալ համամասնական ընտրակարգով: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` չմանրամասնելով` նոր Ընտրական օրենսգիրքը կընդունեն, թե կփոխեն միայն ընտրակարգը։

«Խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգի անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն, այս պահին քննարկումներ են ընթանում», - ասաց նա:

Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր կողմերի հետ, ասաց Մակունցը` թեմայի վերաբերյալ այլ հարցերի հստակ պատասխան չտալով։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց՝ իրենց որևէ քննարկման չեն հրավիրել, և «Լուսավորը» կտրականապես դեմ է ընտրություններից առաջ խաղի կանոնները փոխելուն։ Նրա խոսքով՝ «Լուսավորը» դա կընկալի որպես հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածության խախտում իր բոլոր հետևանքներով. «Իմ քայլն» ուզում է, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր արել, իր հագով կոստյում կարել, Ընտրական օրենսգրքի տեսքով, այսինքն` ամբողջ համակարգն արված է այնպես, որ դրանից շահում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Առաջին հերթին փակելով ցուցակը` ինչի՞ ենք մենք հասնելու: Հիմա ինչ է կատարվում, քաղաքացին ընտրում է պատգամավորներին, պատգամավորներն ընտրում են վարչապետ, հիմա Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ քաղաքացիներն ընտրեն վարչապետ, վարչապետը նշանակի պատգամավորներ, նշանակի, չգիտեմ նրանց, ով իր հետ քայլել է, նրանց, ում հետ սուրճ է խմել, ով իր բարեկամն է, հարազատն է: Այսինքն` մենք ուզում ենք ունենալ քաղաքական գործիչ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանն ուզում է ունենալ կոճակ սեղմող պատգամավոր, որ հետո եթե մի բան էլ ասի, իրենց մամուլի խոսնակն ասի` դու ուսապարկ ես, նստի տեղդ: Սա մեր տեսլականների և գաղափարների տարբերությունն է առաջին հերթին: Մենք առաջարկում ենք ունենալ բաց համամասնական ցուցակ, որպեսզի կուսակցության առաջարկած ցուցակում քաղաքացին կարողանա նշում կատարել և դրանով իսկ իր ուզած քաղաքական գործչին գործուղել Ազգային ժողով` ներկայացնելու իր շահերը, ծառայելու ժողովրդին»:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իշխանությունը կոնսեսուս ունի նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության` «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց՝ իրենց համար սկզբունքային չէ` որ Ընտրական օրենսգրքով կանցկացվեն ընտրությունները, սկզբունքայինը սահմանված ժամկետը չխախտելն է. «Որևէ բովանդակային քննարկման դաշտում այս պահին այս հարցով Ընտրական օրենսգրքի ձևավորման հարցի հետ կապված մենք իշխանությունների հետ չենք մտնելու, այսինքն` մեզ համար սկզբունքորեն միևնույնն է, թե որ Ընտրական օրենսգրքով` հին, թե նոր, մենք կգնանք այս ընտրություններին»:

Իշխանությունները դեռ չեն հստակեցնում իրենց քայլերը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, բայց հստակ գիտեն` վարչապետի իրենց թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Արդարադատության նախարարի երեկվա հայտարարությունը վերահաստատեց նաև իշխող խմբակցության ղեկավարը՝ նշելով. որ նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Դիտարկումները, թե Փաշինյանն անփոխարինելի՞ է, կամ մի՞թե դուք մարդ-կուսակցություն եք, որ այլ թեկնածուներ չեք քննարկում, Մակունցին վիրավորական թվացին, և նա ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ։

«Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։ Իսկ ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ իրենց ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը։

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումներից հետո:

XS
SM
MD
LG