Մատչելիության հղումներ

Կաշառքի դեպք` Զբաղվածության գործակալության Գյումրու տարածքայինում, ձերբակալված պաշտոնյաներն ազատ են արձակվել


Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնեց, որ Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնում կաշառք ստանալու դեպք է բացահայտել, երկարամյա, տնօրենը, փոխտնօրենը ու ևս վեց աշխատակիցներ ձերբակալվել են, ապա ազատ արձակվել չհեռանալու ստորագրությամբ: Ձերբակալված է կաշառք տված քաղաքացիներից մեկը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Երեկ Զբաղվածության կենտրոնի մուտքը փակ էր, դուռն էլ` կնքված։ Այսօր արդեն կենտրոնը բաց էր, աշխատակիցները, այդ թվում տնօրենը աշխատանքի էին, թեև ԱԱԾ-ն հայտնում է, որ քննիչը որոշել է ժամանակավոր դադարեցնել կասկածյալների պաշտոնավարությունները: Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի փաստաբան Արմեն Թևանյանն «Ազատությանը» բանավոր փոխանցեց, թե պաշտոնավարման դադարեցման մասին պաշտոնապես գրություն չեն ստացել։

Սոցապնախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը ևս չկարողացավ պատասխանել հարցին` կառույցի աշխատակիցների պաշտոնավարումը դադարեցվե՞լ է, թե՞ ոչ` նշելով, որ հարցը ԱԱԾ իրավասության տիրույթում է:

Տնօրենի պաշտոնը 24 տարի զբաղեցնող ու այսօր աշխատանքի գնացած Ամալյա Ադամյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն անել։

Ըստ իրավապահների՝ նա և մյուս բոլոր կասկածյալները գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել են նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար: Կատարվել է 20-ից ավելի խուզարկություն, առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ կաշառքի գումարներ, կաշառք տված անձանց վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր ու նոթատետրեր:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ տնօրեն Ամալյա Ադամյանը, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող, պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների հետ կենտրոնի կողմից իրականացվող մի շարք ծրագրերից օգտվելու համար 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի իր աշխատասենյակում մի շարք քաղաքացիներից անձամբ կամ իր աշխատակիցների միջոցով քողարկված եղանակով պահանջել և ստացել է զգալի չափերով կաշառքի գումարներ, իսկ այնուհետև դրանցից որպես «մասնաբաժին» գումարներ է առանձնացրել և փոխանցել իր ենթականերին։

Ըստ հաղորդագրության` հերթական անգամ՝ 2021 թվականի մարտի 19-ին, ծրագրի շահառու հանդիսացած և սոցիալապես անապահով մի քաղաքացու կողմից կողմից անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրած գումարը ստանալուց և որպես կաշառք առանձնացված 50 հազար դրամ գումարը Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալին տալուց անմիջապես հետո վերջինները և զբաղվածության կենտրոնի մյուս աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն: Ամալյա Ադամյանի շահերի փաստաբանը փոխանցեց, որ այս պահին իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրված չէ: Միայն առաջադրելուց հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը:

XS
SM
MD
LG