Մատչելիության հղումներ

Ջերմուկի զորամասի ողջ մնացած զինվորի կյանքին վտանգ չի սպառնում


Լուսանկարը՝ Կարեն Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից։
Լուսանկարը՝ Կարեն Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից։

Ջերմուկի զորամասի մարտական մեկ հենակետից մյուսին անցնելու ճանապարհին ձնաբքի պայմաններում մոլորված երկու զինծառայողներից մեկը՝ 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը մահացել է։ Նա Արագածավան գյուղից էր, ընտանիքում տասը ամսական փոքրիկ է մեծանում։ Աղասու ծառայակից, 37-ամյա Կարեն Շահնազարյանը զինվորական հոսպիտալում է՝ ցրտահարված ոտքերով։

«Առաջին, երկրորդ աստիճանի ցրտահարություն է մոտը։ Ընդհանուր հետազոտման փուլում է հիմա։ Ընդունվելիս վիճակը գնահատվել է ծանր։ Հիմա արդեն դրական փոփոխություն ունենք, շուտով կտեղափոխվի երևի միջին ծանրության», - «Ազատությանը» փոխանցեց հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը։

Նա հավելեց, որ ոտքերի ցրտահարված հատվածի անդամահատման հարց չի քննարկվում, զինծառայողն ունի գիտակցություն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Երկու պայմանագրային զինծառայողների հետ կապը կորել էր մարտի 21-ին, չդադարող բուքը խանգարում էր որոնողական աշխատանքներին։ Երեկ, օրվա երկրորդ կեսին հաջողվել էր տեղորոշել նրանց գտնվելու վայրը։ Աղասիի կյանքը փրկել չէր հաջողվել, իսկ Կարենը տեղափոխվել էր հոսպիտալ։

Նրա կինը Ագապի Պետրոսյանն ասաց, ամուսնու հետ խոսել է հենց մոլորվելու օրը․ - «Իրա հետ խոսացել եմ ամսի 21-ի առավոտյան, 7-ն անց 40 էր։ Ասեց, որ մի քիչ օրը բացվի, կգնան իրանց հենակետ էլի։ Ու էլ չեմ խոսացել»։

Կինը ավելի ուշ համացանցից է տեղեկացել, որ ամուսինը ծառայակցի հետ ձնաբքի տակ է մնացել։ Կարենը 14 տարի է, ինչ պայմանագրային է, Քարավաճառում է ծառայել մինչև այս պատերազմի ավարտը․ - «Էրկու պատերազմի մասնակցել ա՝ 16 թվի ու էս 44-օրյա, ու շատ-շատ վատ-վատ բաներ ա տեսել․․․ հիմա էլ սա»։

Կինը համոզված է, որ հենց տարիների փորձառությունն է օգնել նրան դիմանալ ու ողջ մնալ։

Այս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հաղորդում են դատախազությունից։ Ըստ նախնական տվյալների, երկու զինծառայողները ծխախոտ և վառելիք բերելու նպատակով դուրս են եկել մարտական դիրքից և շարժվել դեպի մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա տեղակայված հենակետ։ Վատ եղանակի պատճառով մնացել են այդտեղ և հաջորդ օրը վերադառնալիս մոլորվել են ու հայտնվել ձնաբքի մեջ։

Այժմ Քննչական կոմիտեի կայազորային քննչական բաժինը պետք է քրեական գործի շրջանակներում պարզի մարտական հերթապահության պայմանների, զինծառայողների անվտանգության միջոցների անբավարարության և այս ամենում պաշտոնատար անձանց հնարավոր անփութության, հանցավոր թերացումների հարցերը։

Զինծառայողների հարազատներից տեղեկացանք, որ նրանք հերթափոխը ստանձնել էին փետրվարի 16-ին 21 օրով, բայց դիրքերում էին մեկ ամսից ավելի։

«Դե բուք ա էղել, ձյուն ա էղել, չեն կարացել փոխեն», - ասում է Ագապին։

Կարենն ու Ագապին երեք երեխա ունեն։ Նրանց որդին՝ Արմենը օրեր առաջ խիզախության մեդալ ու դիպլոմներ ստացավ, 10-ամյա տղան Թալինի ջրանցքում հայտնված մեկ այլ երեխայի կյանքն էր փրկել։ Չհասցրինք ուրախանալ, հուզվում է Ագապին, ամուսինը ապաքինվի, կցանկանա վերադառնալ պայմանագրային զինծառայությանը, ենթադրում է կինը, բայց երազում բարեկեցիկ կյանքի ու ամուսնու համար անփորձանք աշխատանքի մասին․ - «Եթե ինչ-որ մի լավ աշխատանք ունենա․․․ չէ, ինքը սիրում ա իրա աշխատանքը, հայրենասեր է»։

XS
SM
MD
LG