Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հայեցակարգի նախագիծը:
Կառավարությունից հայտնում են, որ հայեցակարգով առաջարկվում է ներդնել հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը գնահատող համակարգ՝ հաշվի առնելով ոլորտային պլանավորման, ծրագրերի գնահատման և ընտրության, ներդրումների բյուջետավորման չափանիշները: Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել հանրային ներդրումային ծրագրի սահմանման և գնահատման գործընթացի վերաբերյալ՝ անդրադառնալով հիմնական սկզբունքներին, ծրագրերի տեսակներին, մշակման փուլերին, պատասխանատու մարմիններին, գնահատման որակական ու քանակական ցուցիչներին, ծրագրերի բանկի, ինչպես նաև գնահատում իրականացնող ներդրումային կոմիտեի ձևավորման մեխանիզմներին:
Վարչապետն ընդգծել է, որ հանրային ներդրումային ծրագրերը պետք է օրգանական կապ ունենան կառավարության գործունեության ծրագրի, նաև ոլորտային ռազմավարությունների հետ՝ գնահատման համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունն ապահովելու համար: