Մատչելիության հղումներ

Վանաձորում ՏԻՄ ցուցակները գլխավորողների անունները դեռ չեն հրապարակվում, բայց խոստանում են` շուտով


Բացի Ազգային ժողովի համապետական ընտրություններից, Վանաձորում այս տարի նաև համայնքապետի ընտրություններ են նախատեսված։ Կուսակցությունների տարածքային կառույցներում դեռևս թեկնածուների անուններ չեն հրապարակում։ Նշում են, որ ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը մեծապես կախված կլինի ԱԺ ընտրությունների արդունքներից, եթե դրանք հունիսին տեղի ունենան, ինչպես որ հայտարարվել է։

«Ազատության» տվյալներով` Վանաձորում իշխող կուսակցության հավանական թեկնածուներ են` գործող մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը, «Արփի» տաքսի ծառայության սեփականատեր, Վանաձորի պետական համալսարանի դասախոս Մանվել Ոփյանը, ինչպես նաև նախկին փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը։

Լոռու մարզպետը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, որ քննարկումները տեղի են ունենում նշված անունների շրջանակներում. «Հիմա այդ հարցն էլ քննարկման փուլում է, թույլ տվեք` ես հիմա անուններ չհնչեցնեմ, մոտ ապագայում դուք կիմանաք»:

Վանաձորում որպես իշխող կուսակցության հավանական թեկնածու, ակտիվ քննարկվում է նաև գործող համայնքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանի անունը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո նա կուսակցական ակտիվությամբ աչքի չի ընկել, թեև Հանրապետականի Վանաձորի քաղաքային խորհրդի ղեկավարն է։ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ազատությանն» անգամ ասել էր, թե չի խառնվում քաղաքականությանը և որևէ կերպ չէր մասնակցում ընդդիմություն դարձած Հանրապետականի քարոզարշավին։

Օրերս ասաց՝ դեռևս որևէ պատկերացում չունի՝ ինչպես է մասնակցելու ընտրություններին կամ մասնակցելու է արդյոք, թե ոչ. «Իսկ դուք գիտեք` ի՞նչ է լինելու, ընդհանրապես ինչ ֆորմատ է, դեռ ոչ մեկը չգիտի` ինչ է լինելու, որ ես սկսեմ այդ ուղղությամբ բան խոսել: Ես ամենավերջին մարդն եմ, որ այդ ուղղությամբ պիտի սկսեմ այս պահին խոսել, ես տեղյակ չեմ»:

Հարցին` ՀՀԿ-ից բացի, այլ կուսակցությունում իրեն պատկերացնո՞ւմ է, ասաց. «Չեմ կարող ասել, չեմ մտածել այդ ուղղությամբ: Ես պիտի որոշեմ, բայց չեմ մտածել, որ որևէ պատասխան ունենամ այս պահին»:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է այս լուրերը, թե գործող հանրապետական համայնքապետը կարող է իրենց թեկնածուն լինել. «Չգիտես ինչու, այս հարցն այսպես միշտ քննարկվում է, համենայն դեպս Վանաձորում, բայց նման բան տեղի ունենալ չի կարող, մենք ունենալու ենք մեր թեկնածուն և մեր թեկնածուով գնալու ենք ընտրության»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» Լոռու տարածքային խորհրդի նախագահ Քրիստ Մարուքյանը, որ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրն է, ասաց՝ ՏԻՄ ընտրությունների շուրջ դեռ միայն ներքին քննարկումներ են արել։ Թեկնածուներ կան, բայց նրանց մասին դեռ չեն ուզում բարձրաձայնել։ Նախորդ՝ 2017 թվականի Վանաձորի համայնքապետի ընտրություններին «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն Քրիստ Մարուքյանն էր, որ այժմ ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն է։ Վերջինս չբացառեց, որ այս տարվա ընտրություններին այլ թեկնածու կունենան։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային գրասենյակն անցած ամիսներին հիմնականում փակ էր։ Կառույցի ղեկավար Վահե Դոխոյանն ասում է՝ «Երևանում էին լինում, զբաղված էին երևանյան միտինգներով ու ցույցերով»։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին վարչապետի հայտարարությունից հետո վերադարձել են Վանաձոր, ու գրասենյակում նկատելիորեն մեծացել է եռուզեռը։ Դոխոյանն ասում է՝ դեռ քննարկում են կուսակցությունում՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին առանձին կմասնակցեն, թե այլ կուսակցությունների հետ դաշինքով։ Դա կախված կլինի, թե կուսակցությունն ինչ որոշում կընդունի համապետական ընտրությունների դեպքում. «Համագործակցություն չի բացառվում ոչ մեկի հետ, և չի բացառվում նաև, որ մենք տարբեր ընտրական պրոցեսներին մասնակցենք միայն մեր ուժով: Այս պահին ոչ մի քննարկում չկա, ոչ մեկի հետ համագործակցություն չկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված, որովհետև ՏԻՄ ընտրությունների մասին առհասարակ այս պահին ոչ մի քննարկում չունենք և ներկուսակցական»:

Վահե Դոխոյանը Հանրապետական կուսակցության նախկին անդամ է։ 2018 թվականի հեղափոխությունից առաջ պաշտոններ է զբաղեցրել Լոռու մարզպետարանում։ Այսօր էլ անդամակցում է Վանաձորի ավագանու Հանրապետական խմբակցությանը. «Նախկին կուսակցական լինելը կամ այլ կուսակցության անդամ լինելը, կուսակցություն փոխելը, չեմ կարծում, որ դա պիտակ է, որովհետև կուսակցությունն ընտանիք չէ, քաղաքական միավոր է»:

Անցած տարեվերջին Լոռու մարզպետ նշանակված Արամ Խաչատրյանը հավաստիացնում է, թե իշխանությունները որևէ վարչական ռեսուրս չեն կիրառի ոչ համապետական և ոչ էլ ՏԻՄ ընտրություններին, թեև մարտի մեկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքի օրերին ընդդիմությունը պնդում էր, թե պետական հիմնարկների աշխատողները պարտադրաբար են տեղափոխվել Երևան՝ մասնակցելու հանրահավաքին:

«18 թվականից մինչև օրս տեղի են ունեցել համապետական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, և որևէ փաստ չկա, որ մենք օգտագործած լինենք վարչական ռեսուրսներ, որովհետև նման բան գոյություն չունի», - պնդում է Արամ Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG