Մատչելիության հղումներ

Գիտնականների համոզմամբ՝ «կորոնավիրուսի դեմ միակ հուսալի զենքը վակցինան է»


Կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութը

Անցած շաբաթավերջի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 123.5 միլիոնը: COVID-19 հիվանդությունից մահացել է շուրջ 2 միլիոն 724 հազար հիվանդ: Ախտահարումը հաղթահարել է ավելի քան 99 միլիոն 528 հազար մարդ:

Ջոնս Հոփքինզի համալսարանի տվյալներով՝ վարակարիրների և մահվան դեպքերի թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ շուրջ 30 միլիոն ախտահարում և մոտ 542 հազար մահ:

Եվրոպայում՝ ներառյալ Ռուսաստանը, վարակվել է մոտ 37.5 միլիոն մարդ և մահացել է ավելի քան 877 հազար հիվանդ:

Եվրոպական մի շարք երկրներում խստացնում են կարանտինն, ինչը հանգեցնում է բողոքի ցույցերի և երթերի, տեղի են ունենում բախումներ ոստիկանների հետ: Շատերն նույնիսկ ասում են, թե «երանի հիվանդանանք, բուժվենք ու վերջապես ազատվենք այս պատւհանից», մինչդեռ, գիտնականների փոխանցմամբ, վարակված և կազդուրված ոչ բոլոր մարդկանց մոտ են ձևավորվում COVID-19 հիվանդությունից պաշտպանող հակամարմիններ:

Ռուսաստանցի հայտնի գիտնական, Sputnik V վակցինան ստեղծած Գամալեայի անվան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգի կարծիքով, վարակված մարդկանց առնվազն 20 տոկոսի մոտ հակամարմին չի գոյանում:

Ի՞նչ անել, ահա խորհուդը, որը տալիս են բոլոր գիտնականները՝ եվրոպացի, չինացի, ամերիկացի, ռուսաստանցի, բոլորը նշում են մեկ բան. կորոնավիրուսի դեմ միակ հուսալի զենքը վակցինան է:

Այդ գաղափարի ջատագովն է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, ով վերջերս խնդիրը մեկնաբանել է կառավարության նիստում:

«Մեր նշանաբանն է՝ պատվաստվել, պատվաստվել, պատվաստվել, սա չափազանց կարևոր է, բժիշկները, բուժքույրերը, բոլոր բուժաշխատողները և կազմակերպական հարցեր կարգավորողները, բոլորը հրաշալի աշխատանք են կատարում, ուզում ենք նաև կոչ անել մասնավոր բուժհիմնարկների աշխատողներին՝ միացեք, սատարեք բնակչության պատվաստման արշավին»,- ասել է կանցլերը:

Մասնագետների համոզմամբ, որևէ երկիր կարող է համարվել վարակից ազատ այն դեպքում, եթե բնակչության մոտ ձևավորվի «հավաքական իմունիտետ»:

Դա հնարավոր է միայն հիվանդանալու և կազդուրվելու, կամ պատվաստվելու դեպքում: Բնականաբար, գերադասելի է երկրորդ տարբերակը, քանի որ նույնիսկ երիտասարդ և հարակից հիվանդություն չունեցող օրգանիզմը կարող է ինչ-ինչ պատճառներով չհաղթահարել վարակը:

Կարմրուկի դեպքում պետք է պատվաստվի բնակիչների 95 տոկոսը, պոլիոմիելիտի դեպքում՝ 80 տոկոսը:

Թե ինչքան է անհրաժեշտ կորոնավիրուսի պարագայում, ստույգ տվյալներ դեռ չկան, բայց ակնհայտ է, որ պետք է պատվաստել հնարավորինս մեծ թվով մարդկանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG