Մատչելիության հղումներ

Բուլղարիան Ռուսաստանից պահանջում է «դադարեցնել լրտեսական գործունեությունը»


Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, արխիվ
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, արխիվ

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել լրտեսական գործունեությունը Բուլղարիայի տարածքում»:

Մարտի 19-ին Բուլղարիայի իրավապահները լրտեսության մեղադրանք են ներկայացրել ռազմական հետախուզության վեց նախկին և գործող աշխատակիցներին:

Ամբաստանյալները մեղադրվում են Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանությանը Բուլղարիայի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու մեջ:

2019 թվականի հոկտեմբերից սկսած Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիան Ռուսաստանի դեսպանատան 5 դիվանագետների և աշխատակիցների է արտաքսել լրտեսական ակտիվություն ծավալելու համար:

«Վերստին ռուսաստանցի դիվանագետները կարող են «անցանկալի անձ» հայտարարվել, երեկվա գործողության կապակցությամբ նորից կոչ եմ անում՝ դադարեցրեք լրտեսությունը Բուլղարիայում», - ասել է վարչապետ Բոյկովը և ավելացրել. - «Բարեկամությունը բարեկամությամբ, բայց կա նաև մեր Եվրո-Ատլանտյան գործընկերությունը»:

Սոֆիայում Ռուսաստանի դեսպանությունը հերքել է լրտեսության մեղադրանքը և հայտարարել է, թե այն ունի «ռուս-բուլղարական բարեկամության մեջ սեպ խրելու, երկխոսությունը խոչընդոտելու և Ռուսաստանին հերթական անգամ պիտակավորելու նպատակ»:

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան երեկ հայտարարել են, որ «Ռուսաստանի չարանենգ ակտիվությունը դիմագրավելու հարցում միանշանակ սատարում են Բուլղարիային»:

«Բուլղարիան բարեկամ է, Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ է և գործընկեր: Մենք ուշադրությամբ հետևում ենք ռուսական լրտեսական ցանցը բացահայտելու բուլղարական ատյանների հետաքննությանը: Միացյալ Նահանգները միանշանակ աջակցում է Բուլղարիայի ինքնիշխանությանը և Բուլղարիայի հետ է իր տարածքում այս նենգ գործողությունները կասեցնելու պայքարում», - հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարար Դոմինիկ Ռաաբը տարածել է նմանօրինակ հայտարարություն և դատապարտել է «Ռուսաստանի թշնամական գործողությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG