Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի փոխանցմամբ, Թուրքական մարտական օդանավը նախօրեին Սիրիայում՝ Այն Իսայի շրջանի Սայդա գյուղի մերձակայքում, ռմբահարել են Սիրիայի դեմոկրատական ուժերի մաս կազմող քրդական աշխարհազորի դիրքերը:
Դիտորդական կենտրոնը նշել է, որ դա առաջին օդային գրոհն էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայում թուրքերի նախաձեռնած «Խաղաղության գարուն» ռազմական գործողությունից հետո:
Այդ գործողությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ թուրքերը համաձայնության են եկել նախ ամերիկացիների, ապա ռուսների հետ, ինչի արդյունքում Անկարան Սիրիայի տարածքում սահմանել է 120 կիլոմետր երկարությամբ և 32 կիլոմետր խորությամբ «անվտանգության գոտի», սակայն Այն Իսայի շրջանը մնացել է քրդական ուժերի հսկողության տակ:
Երեկվա օդային հարվածին նախորդել են հուժկու փոխհրաձգություն և հրթիռակոծություն Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների և թուրքերի դաշնակից սիրիական ստորաբաժանումների միջև:
Անկարան Սիրիայի դեմոկրատական ուժերի մաս կազմող քրդական աշխարհազորը համարում է ահաբեկչական կառույց, որը կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ:
Այնուամենայնիվ այդ քրդական ուժերը նաև Միացյալ Նահանգների և արևմտյան մյուս ուժերի առանցքային դաշնակիցն են «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարում: