Պակիստանի առողջապահության նախարարությունն այսօր հաղորդել է, որ երկու օր առաջ կորոնավիրուսի դեմ չինական արտադրության Sinopharm վակցինայով պատվաստված վարչապետ Իմրան Խանը վարակվել է կորոնավիրուսով:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, վարչապետն ինքնամեկուսացվել է, տնից է աշխատում:
Sinopharm-ի արտադրանքը Պակիստանում առայժմ հասանելի միակ պատվաստանյութն է:
Չինաստանը Պակիստանին նվիրատվության կարգով փոխանցել է այդ վակցինայի կես միլիոն դեղաչափ:
220 միլիոն բնակչությամբ Պակիստանում վերջին շրջանում նկատվել է կորոնավիրուսով ախտահարումների թվի կտրուկ աճ:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, Պակիստանում ընդհանուր հաշվով վարակվել է ավելի քան 11 և կես միլիոն մարդ, դա երրորդ ամենաբարձր ցուցանիշն է ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: COVID-19 հիվանդությունից մահացածների թիվը մոտենում է 160 հազարին:
Ենթադրվում է, որ համավարակի արագ տարածումը պատճառաբանվում է դիմակներ կրելու և սոցիալական հեռավորության կանոնները համատարած անտեսելու հանգամանքով:
Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ խիստ արգելքներ կսահմանեն այն դեպքում, եթե բնակիչները շարունակեն անտեսել պահանջները: