ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը խստորեն դատապարտել են հարձակումներն ասիական ծագումով ամերիկացիների վրա:
Նախագահը և փոխնախագահն այցելել են Ջորջիայի նահանգ՝ զորակցելու հարձակման զոհ դարձած մարդկանց ազգականներին և բարեկամներին:
Ատլանտա քաղաքի թաղամասում, որտեղ գործում են մերսման սրահներ, 21-ամյա Ռոբերտ Աարոն Լոնգը հրազենով հարձակում է գործել, և 8 մարդ է սպանել:
Զոհերից 6-ն ասիական ծագումով կանայք էին, երկուսը՝ սպիտակամորթ: Հարձակման ռասայական դրդապատճառը չի բացառվում, սակայն, ըստ քննիչների, «հարձակվողը, հավանաբար, ուներ նաև սեռական բնույթի ինչ-որ խնդիրներ»:
Նախագահն ասել է, թե անկախ բուն դրդապատճառից՝ ակնհայտ է, որ «ասիական ծագումով ամերիկացիները շատ հաճախ են հարձակման ենթարկվում և քավության նոխազ դառնում, չունեն հանգիստ և ապահով եղանակով աշխատանքի գնալու, դրսում քայլելու և տուն վերադառնալու հնարավորություն»:
Քամալա Հարիսը նաև խոսել է պիտակավորումների մասին` հիշեցնելով, թե ինչպես է անցյալ տարի նախագահ Դոնալդ Թրամփը «չինական վիրուս» անվանել կորոնավիրուսը:
Նախքան Ատլանտա մեկնելը Ջո Բայդենն ասել է, որ «երկրում շարունակվում են բռնությունները, որոնց դրդապատճառներն են գենդերային անհավասարությունը և ասիական ծագումը»: