Մատչելիության հղումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի լարված բանակցություններն ավարտվել են


Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները, Անքորիջ, Ալյասկայի նահանգ, 19 մարտի, 2021թ.
Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները, Անքորիջ, Ալյասկայի նահանգ, 19 մարտի, 2021թ.

Միացյալ Նահանգների և Չինաստանի պաշտոնյաներն Անքորիջում (Ալյասկայի նահանգ) ավարտել են, ինչպես երկու կողմերն են նշում, «կոշտ և ուղիղ բանակցությունները»:

Երկօրյա քննարկումների ընթացքում դրսևորվել է մոլորակի ամենախոշոր երկու տնտեսությունները ստեղծած գերտերությունների միջև լարվածության ամբողջ ծավալը:

Դա Ջո Բայդենի նախագահության մեկնարկից ի վեր բարձր մակարդակով առաջին չին-ամերիկյան հանդիպումն էր, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը, Չինաստանի Կոմկուսի քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յան Ցզեչին և արտգործնախարար Վան Յին:

Կողմերը նշել են, որ «բացարձակ տարբեր դիրքորոշումներ ունեն Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանի, Հոնկոնգի և Թայվանի հարցերում»:

Միաժամանակ ամերիկացի և չինացի պաշտոնյաները հայտնել են, որ «չնայած լարված մթնոլորտին, բանակցությունները կարևոր էին և օգտակար»:

Կողմերը քննարկել են Իրանի, Հյուսիսային Կորեայի, Աֆղանստանի, մի շարք այլ տարածաշրջանների, ինչպես նաև կլիմայի հարցերը:

XS
SM
MD
LG