Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը բոյկոտեց Վանաձորի ավագանու նիստն ու լքեց դահլիճը


Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկ բոյկոտեց նիստն ու լքեց դահլիճը։ Խմբակցության անդամներն առաջարկում էին օրակարգից հանել համայնքին պատկանող տարածքներն ու հողամասերը նվիրաբերելու, ինչպես նաև Վանաձորի նախկին քաղաքապետի հետ փոխկապակցված «Վիմպերգ» ընկերությանը գույքահարկի պարտքից ազատելու մասին 3 հարցերը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը համարեց, որ քաղաքի ղեկավարներն այսպիսի որոշումներով համայնքի հաշվին լավություն են անում առանձին անհատների. «Այս իրավիճակները մարդկանց դնում են ահավոր անդուր վիճակի մեջ, որովհետև փոքր քաղաք է, բոլորն իրար հետ կապ ունեն, հարաբերություն ունեն` բարեկամական, ընկերական, ծանոթ միջավայր, մի խոսքով, ու այդ հանրային ճնշման տակ դուրս է գալիս նենց, որ ասենք մեր խմբակցությունն այսօր 4 հոգի է դարձել, խի՞, որովհետև մարդիկ չեն ուզում` ոչ կողմ քվեարկեն, ոչ դեմ քվեարկեն, ոչ էլ ներկա լինեն, որովհետև վատամարդ կլինեն, այսպես ասած»:

Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հակադարձեց. նվիրատվություն են անում վաստակաշատ մարդկանց. Նախկինում էլ ընդունված է եղել պարգևատրել մեծ ներդրում ունեցածներին, ասաց համայնքի ղեկավարը. «Ոչ մեկը չի պատրաստվում իր ավտոն նվեր տա, ասենք, այդ մեր հարգարժան մարդկանց` քաղաքացիներին, իր տան կեսը, ասենք, ոչ մեկը նվեր չի տալիս, երկրորդ հողամասը, որ ավելի է, իրեն պետք չի, նվեր չի տալիս, բայց քաղաքին նվեր տալը շատ հանգիստ, ստացվող բան է, ի՞նչ է քեզանից գնում, մի հատ գրանցի, գնա էլի, հո դու չուսող չե՞ս»:

Ի վերջո «Լուսավոր Հայաստանի» ներկա 4 անդամները լքեցին դահլիճը, նվիրատվության հարցը քվեարկվեց առանց նրանց։ Ավագանին 215 քառակուսի մետր մակերեսով սպորտային դահլիճը նվիրաբերեց Վալերիկ Ժամհարյանին, ով մինչև 2040 թվականն անհատույց վարձակալության իրավունք ուներ տարածքի նկատմամբ։ Ավագանու ընդդիմադիր անդամները մտավախություն ունեն, որ սեփականաշնորհելուց հետո մարզադահլիճը կօգտագործվի այլ նպատակներով. «Երբ որ տեսնում ես, որ մարդն անհատույց օգտագործում է հանձնված տարածքը, ցանկանում ես սեփականաշնորհել, և դրա համար մենք ունենք նախկին վատ դեպքեր, որ սեփականաշնորհումից հետո դադարել է տարածքն օգտագործվել իր նպատակայնությանը կամ վաճառվել է, այսինքն` եթե սեփականության իրավունք չկա, բայց դու տարածքը կարողանում ես անհատույց օգտագործել, ի՞նչն է խնդիրը, ինչի՞ց է առաջացել այդ անհրաժեշտությունը, որ դա պետք է անպայման լինի քո սեփականությունը»:

Երեկ Վանաձորի ավագանին առանց ընդդիմադիր խմբակցության նաև որոշեց նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող 8 հարկանի նորակառույց շենքի նկատմամբ 3 միլիոն 700 հազար դրամի գույքահարկի արտոնություն սահմանել։ Համայնքապետարանի պատասխանատուները պատճառաբանեցին, որ 2019-20 թվականներին ընկերությունը վճարել է գույքահարկի ունեցած խոշոր` մոտ 9,5 միլիոն դրամի պարտքը, և համայնքապետարանը որոշել է ընկերությանը զիջել պարտքից գոյացած տույժ-տուգանքները:

Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հարկերի մոտ կես միլիարդ դրամի ապառքներ ունեցող համայնքի համար անընդունելի է համարում գույքահարկից ազատել եկամուտներ ունեցող ընկերություններին. «Մենք արդեն հարց ենք տալիս, այսինքն, ինչի՞ մնացած բոլորը պետք է ինչ-որ մի ձևի, տանջվելով, չարչարվելով իրենց գույքահարկը վճարեն, իսկ մարդիկ, ովքեր մեծ շինություններ կամ սեփականություններ են շահագործում, իրենք պետք է ազատվեն գույքահարկից: Ի՞նչ հիմքով, չգիտեմ, բայց էլի ենթադրում եմ, որ այս մարդկանց նախաձեռնությամբ քաղաքի հաշվին լավություն անեն այդ մարդկանց ինչ-որ այլ ծառայությունների դիմաց: Դա կոռուպցիայի շատ լավ օրինակ է, որովհետև կոռուպցիան ինքն իրենից ներկայացնում է հանրային պաշտոնը մասնավոր շահի համար օգտագործելու դեպքը»:

Պետական ռեգիստրի տվյալներով` «Վիմպերգ» ընկերությունը պատկանում է Արթուր Վարդանյանին։ Նա Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող շինարարական ընկերության տնօրենի եղբայրն է։ Ընկերությանը պատկանող բազմաբնակարան շենքը, սակայն, բոլորին հայտնի է որպես նախկին քաղաքապետի շենք։ Նույն ռեգիստրից երևում է, որ նախկին տարիներին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը «Վիմպերգ» ընկերությունից բռնագանձել է 8 միլիոն 200 հազար դրամ՝ հոգուտ «Գազպրոմի», Էլեկտրական ցանցերի ու պետական բյուջեի։ Պարտքի հիմնական մասը՝ 6,5 միլիոնը եղել է պետբյուջեի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG