Ջորջիայի նահանգի Ատլանտա քաղաքում երեկ տեղի են ունեցել հրազենի կիրառմամբ միջադեպեր, որոնց հետևանքով սպանվել է 8 մարդ:
Ձերբակալվել է 21-ամյա Ռոբերտ Աարոն Լոնգը: Զոհերի մեծ մասն ասիական ծագում ուներ, սակայն ոստիկաններն ընդգծել են, որ այս պահին դեռ չեն կարող այդ հանգամանքը նշել որպես սպանության հնարավոր դրդապատճառ:
Հարձակվողը նախ հինգ մարդու վրա կրակ է բացել Youngs Asian մերսման սրահի մոտ, երկուսը տեղում սպանվել են, երեքը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ ևս երկուսն են մահացել: Ապա երեք մարդ սպանվել է Gold Massage մերսման սրահի մոտ, և ևս մեկն էլ՝ Aroma Therapy սրահի մոտ:
Ատլանտայում Հարավային Կորեայի հյուպատոսարանը հայտնել է, որ զոհերից 4-ը ծագումով կորեացի են:
Ենթադրյալ հարձակվող Լոնգը փորձել է մեքենայով փախուստի դիմել, սակայն Ջորջիայի նահանգի ոստիկանները նրան հետապնդել են և հենց մայրուղում ձերբակալել են: