«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ 71.5 միլիոն ռուբլու (820 հազար եվրո) տուգանք սահմանելու Ռուսաստանի իշխանությունների որոշումը:
Դա համարվում է ամենախոշոր տուգանքը, որը երբևէ Ռուսաստանում կիրառվել է որևէ լրատվամիջոցի նկատմամբ: Ռուսաստանը տուգանում է ռադիոկայանին «արտասահմանյան գործակալ» պիտակը ծրագրերում չտեղադրելու համար:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը «անհեթեթություն» է անվանում օրենքը, որի համաձայն լրատվամիջոցը պարտավոր է ցանկացած տեքստային, ձայնային կամ տեսահաղորդում հեռարձակելիս՝ այն ուղեկցել «արտասահմանյան գործակալ» ծանուցումով:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության համոզմամբ, այդ օրենքով Ռուսաստանը ոտնահարում է մեդիայի բազմակարծության սկզբունքը և փորձում է լռեցնել անկախ և ընդդիմադիր մամուլը:
Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ տուգանքը չվճարելու դեպքում ռադիոկայանի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել:
«Արտասահմանյան գործակալների» կարգավիճակի մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է 2017 թվականին, իսկ նոր խստացումները հաստատվել են անցյալ տարվա դեկտեմբերին:
«Ազատություն» ռադիոկայանը հայտարարել է, թե չի ցանկանում ինքն իրեն պիտակավորել, քանի որ դրա արդյունքում կարող է կորցնել լսարանի կեսը: Այսօրվա դրությամբ Ռուսաստանում ռադիոկայանի լսարանը կազմում է չափահաս բնակչության 6.5 տոկոսը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմած Մամուլի ազատության ամենամյա ցուցիչով՝ Ռուսաստանը 2020 թվականին 180 երկրների ցանկում գրավել է 149-րդ տեղը: