Մատչելիության հղումներ

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում դարձյալ պրեմիերա է


Գարնանային այս օրերին մայրաքաղաքային տարբեր թատրոններում ուշագրավ պրեմիերաներ են տեղի ունենում, որոնց նկատմամբ թատերասերները անտարբեր չեն կարող մնալ:

«Այսօր մեր հանրությունը առավել զգում է թատրոնի կարիքը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը՝ շեշտելով, որ առաջիկայում իրենց թատրոնն հանդիսատեսին նոր ներկայացում կմատուցի․ - «Ամսի 20-ին և 21-ին մենք արդեն ունենք պրեմիերա: Մենք անցյալ տարի էլ գրեթե ոչ մի րոպե պարապ չենք մնացել, անընդհատ աշխատել ենք, և անցյալ ծանր, դժվար տարվա ընթացքում մենք ունեցանք երեք առաջնախաղ։ Եվ այս տարի էլ մենք աշխատում ենք և 20-ին, 21-ին մեր երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանի բեմադրությամբ մեր հանդիսատեսը կտեսնի Մարկեսի պատմվածքի հիման վրա «Չսեր» ներկայացումը։ Ինձ թվում է, դա հետաքրքիր կլինի մեր հանդիսատեսի համար․ բազմերանգ պլաստիկ լուծումներ կան, նաև հետաքրքիր սցենոգրաիա։ Այնպես որ, բոլորին սպասում ենք այդ օրերին մեր պրեմիերային»։

Իհարկե, ռուսական դրամատիկական թատրոնն այսքանով չի սահմանափակելու այս թատերաշրջանի նոր ներկայացումները․ - «Դրանից հետո մեր գեղարվեստական ղեկավարը պատրաստվում է հանձնել Մոլիերի «Սկապենի արարքները» և մի հատ շատ հետաքրքիր ճապոնական գործ՝ «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումները։ Եվ սեզոնի ավարտին, մոտավորապես հունիսին մենք կունենանք Իռա Հարությունյանի՝ մեր բեմադրիչ, դերասանուհի, վաստակավոր արտիստուհի, իր բեմադրությամբ ներկայացում՝ կոմեդիա «Ինչ տեսավ սպասավորը»»։

Բացի ստեղծագործական նոր ձեռքբերումներից, ռուսական դրամատիկական թատրոնը կառավարության տրամադրած դրամաշնորհով նաև տեխնիկական կարևոր խնդիրներ է լուծել․ - «Դահլիճը ջեռուցվում է, մեր հանդիսատեսը գալիս է, հանում է վերարկուն, ավելի լավ և կոմֆորտ է իրեն զգում դահլիճում։ Ամռանը մենք դահլիճում կունենանք օդորակիչներներ։ Շատ կարևոր էր, որ մեր թատրոնը կունենա և՛ հովացման համակարգ ամռանը, և՛ ձմռանը մենք արդեն ունենք ջեռուցում»։

Իսկ ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա, ըստ Մարիաննա Մխիթարյանի, նրանք հավատարիմ են թատրոնին, որը երբեք հանդիսատեսի պակաս չի ունեցել․ - «Ինձ թվում է, մեր ազգը իրոք այդ ողբերգական իրադարձություններից և դժբախտություններից հետո ցանկություն ունի դուրս գալ, դիտել ներկայացումներ, ավելի սփոփվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG