Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Լիբանանում գործող «Հեզբոլա» շարժման պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ տեղեկացնելով, որ Լիբանանի խորհրդարանում «Հեզբոլայի» խմբակցության ղեկավար Մոհամադ Ռաադի հետ բանակցությունները կայացել են նախօրեին։
«Բանակցությունների ընթացքում նախարար Լավրովը և «Հեզբոլայի» ներկայացուցիչը քննարկել են Լիբանանում և հարևան Սիրիայում ստեղծված կացությունը, ինչպես նաև իրադրությունը ողջ Մերձավոր Արևելքում», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Լիբանանում բնակվող շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հեզբոլա» շարժումը արևմտյան առաջատար պետությունների և միջազգային կառույցների կողմից ահաբեկչական կառույց է ճանաչվել։ ԱՄՆ-ը «Հեզբոլան» ահաբեկչական կառույց է որակում ամբողջությամբ, ԵՄ-ը՝ միայն այդ կազմակերպության զինված թևը։