Մատչելիության հղումներ

«Կան մարդիկ, որ իրենց ընտանիքներով են տեղափոխվել». վեց ամիս է գործում է «Ի գործ» ծրագիրը


Ասպրամ Մխիթարյանը Ֆրանսիայից է ժամանել Հայաստան՝ պատերազմից հետո՝ օգնելու կառավարությանը հաղթահարել կառավարման ոլորտում առկա խնդիրները։

Անցած տարվա սեպտեմբերից Սփյուռքի հարցերի հանձնակատարի գրասենյակի «Ի գործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ պետք է ներգրավվեին Հայաստանի պետական կառավարման համակարգում։ Պատերազմը վրա հասավ, սակայն ծրագրի համակարգողների պնդմամբ, հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ոչ միայն չնվազեց, այլ հակառակը՝ օգնության ձեռք մեկնողները շատացան։

«Տեսնելով, որ կան մարդիկ, ովքեր իրենց կյանքով պատրաստ են հայրենիքին ծառայելու, մասնագիտորեն հայրենիքին ծառայելը, ինձ թվում է, նվազագույնն է, որ ամեն մեկս պետք է անենք մեր հայրենիքի համար», - նշեց Մխիթարյանը:

Հայաստանի հետհեղափոխական իշխանության հասցեին հնչող հիմնական մեղադրանքներից մեկը շարունակում է մնալ թերի կադրային քաղաքականությունը։ Այս նոր նախաձեռնությունով, փաստորեն, ինչ-որ չափով փորձում են լուծել այս խնդիրը։ Ասպրամը, որ իրավաբանի կրթություն է ստացել Ֆրանսիայում, աշխատել այնտեղ, իր փորձով հիմա կիսվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի հետ։ Այս պահին ուսումնասիրում է Քրեական օրենսգիրքը, այլ հարակից օրենքներ, հասցրել է արդեն արձանագրել՝ ներկայիս օրենսդրական բացը թույլ չի տալիս արդյունավետ պայքարել կուռուպցիայի դեմ:

«Անպատժելիության են տանում, որոնք համապատասխան չեն միջազգային նորմերին: Տվյալ պահին կարելի է մտածել, որ կոռուպցիան խրախուսվում է, և օրենքներն ի նպաստ կոռուպցիայի են, այլ ոչ թե նրա դեմ պայքարելու», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Ասպրամի պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբերին, բայց ասում է՝ կցանկանար մնալ, շարունակել աշխատել Հայաստանում, եթե, իհարկե, նկատի որ աշխատանքը մի բան փոխեց դեպի լավը. «Ամենքս մեր աշխատանքի արդյունքը նաև տեսնենք»:

Արդեն 5 տասնյակ սփյուռքահայ մասնագետ 19 երկներից աշխատում է 19 պետական գերատեսչությունում։ Իրանից Թոմիկ Քեշիշյանը հենց պատերազմի ժամանակ էր հասել Երևան ու միանգամից գործի անցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բեռնափոխադրումների հարցով օգնություն ցուցաբերելու համար։

«Ունեցել եմ ընկերություն Պարսկաստանում, աշխատում եմ ավելի կարողանամ Հայաստանում այդ կապերս պահեմ և կարողանամ էդ նույն գործը Հայաստանում անեմ», - ասաց Քեշիշյանը:

Իրանի հետ կապը չի կտրել։ Կինը ապրում է Թեհրանում, բայց հետագայում նպատակ ունի եթե ոչ անգամ պետական, այլ գոնե մասնավոր ոլորտում աշխատանք գտնել և ընտանիքն էլ մեծացնել արդեն Երևանում։

6 ամսի է արդեն ծրագիրը գործում է, և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանի խոսքով՝ սփյուռքահայերի արդեն 25 տոկոսը ցանկանում է մնալ Հայաստանում։

«Կան մարդիկ, որ իրենց ընտանիքներով են տեղափոխվել, մարդիկ, որ իրենց ամուսինը կամ կինը նույնիսկ հայ չէ տեղափոխվել են, եկել և մնում են: Այսինքն այս ծրագիրը կարող է դիտարկվել ոչ միայն սփյուռքը իր ներդնումը դնում է Հանրապետության օգտին, այլ ինքն իր համար նոր կյանք է կարող կառուցել, այսինքն նաև հայրենադարձության ծրագիր է», - ասաց Անջարգոլյանը:

Մարտից մեկնարկել է «Ի գործի» այսպես ասած երկրորդ փուլը։ Արդեն 80-ից ավելի սփյուռքահայ մասնագետ ցանկանում է այս տարվա սեպտեմբերից գալ և աշխատել Հայաստանում։ Ուշագրավ է, որ պատերազմից հետո անգամ ցանկություններ են հնչել՝ Արցախ տեղափոխվելու համար։ Ծրագրի հեղինակները վստահ են, որ այս ծրագիրը նաև նոր պատկերացում է ստեղծում Սփյուռքի մասին՝ չդիտարկել այն որպես միայն ֆինանսական աղբյուր, այլ հավասար գործընկեր՝ երկիրը ոտքի կանգնեցնելու ճանապարհին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG