Մատչելիության հղումներ

The Times. «Ղարաբաղյան պատերազմը պաշտոնական Լոնդոնին ցույց տվեց, թե ինչ կարող են անել ԱԹՍ-ները թանկարժեք տանկերի հետ»


Թուրքական Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարք, արխիվ
Թուրքական Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարք, արխիվ

Մեծ Բրիտանիան արմատական փոփոխություններ կկատարի իր ռազմական դոկտրինում՝ հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ուժերի կրած անհաջողությունները։ Բորիս Ջոնսոնի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով՝ այս մասին շաբաթ օրը գրել է լոնդոնյան հեղինակավոր The Times պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ վաղն արդեն Մեծ Բրիտանիայի վարչապետը Լոնդոնում կներկայացնի «Գլոբալ Բրիտանիան մրցակցային դարաշրջանում» վերնագրված 100 էջանոց զեկույցը, որը նախանշելու է Միացյալ Թագավորության զարգացման հիմնական ուղղությունները առաջիկա տասնամյակում։

Ծավալուն այս փաստաթղթի` Մեծ Բրիտանիայի ռազմական հայեցակարգին նվիրված հատվածի շուրջ քննարկումները ծավալվել էին 2020 թվականի երկրորդ կեսին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմին զուգահեռ։

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած պատերազմը ցույց տվեց բրիտանական ղեկավարությանը, թե ինչ կարող են անել ոչ թանկ անօդաչու սարքերը թանկարժեք մարտական տանկերի հետ», - գրում է The Times-ը։

Թերթի պնդմամբ՝ 44-օրյա պատերազմի օրերին Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունում շրջանառվում էին այն տեսանյութերը, որոնցում թուրքական Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացնում էին հայկական զրահատեխնիկան և կենդանի ուժի կորուստներ պատճառում։ Պարբերականի տեղեկություններով՝ այս տեսանյութերին ծանոթ է եղել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Մի օր, ըստ թերթի լրագրողների, դիմելով իր գործընկերներին, նա նույնիսկ ասել է. «Երբ տեսնում ես, թե ինչպես են թուրքական անօդաչու թռչող սարքերը շարքից հանում տանկերը, հարց է ծագում՝ ինչպիսի՞ն է լինելու ռազմադաշտի ապագան»։

The Times-ի տեղեկություններով՝ այդ ամենը այնքան է տպավորել Բրիտանիայի պաշտպանության նախարարին, որ նա մեկնել է Ստամբուլ՝ Bayraktar-ներ արտադրող գործարան այցելելու նպատակով։ Ուշագրավ է, ի դեպ, որ ըստ թուրքական աղբյուրների, այդ այցի մասին տեղեկությունները այդպես էլ չեն հանրայնացվել։

Նշենք սակայն, որ թուրքական դրոնների արդյունավետության մասին Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հրապարակայնորեն՝ մասնավորաբար Լոնդոնում գործող վերլուծական կենտրոններից մեկում դեկտեմբերին կազմակերպված քննարկման ժամանակ։

«Թուրքական անօդաչու թռչող սարքերը պատասխանատու են Սիրիայում, Լիբիայում և մի շարք այլ շրջաններում զրահատեխնիկայի հարյուրավոր միավորների և անգամ հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման համար», - այդ հավաքի ժամանակ հայտարարել էր Ուոլեսը՝ նշելով, որ թուրքական սպառազինությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հակառակորդի համար։

«Bayraktar-ները և դրանց վրա տեղադրված սպառազինությունը համադրում են տեխնիկական կարողություններն ու մատչելիությունը, ինչը հրամանատարներին հնարավորություն է տալիս [ուժերի] որոշակի հյուծման հաշվին լուրջ խնդիրներ ստեղծել թշնամու համար», - նշել էր Ուոլեսը։

Բրիտանական մեկ այլ պարբերականի՝ Daily Telegraph-ի տեղեկություններով, Միացյալ Թագավորությունը չի սահմանափակվում միայն թուրքական փորձի ուսումնասիրությամբ։ Թերթի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում մանրամասնորեն ուսումնասիրում են նաև Ռուսաստանի և Իրանի կողմից նոր սպառազինությունների կիրառման դեպքերը։ Խոսքը, ըստ Telegraph-ի, նախևառաջ բալիստիկ հրթիռի և անօդաչու թռչող սարքի համադրություն հիշեցնող սպառազինության կիրառման մասին է։

Նշենք նաև, որ The Times-ի հոդվածից պարզ է դառնում՝ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմը ծագել էր այն պահին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարության և զինվորական ղեկավարության միջև լուրջ բանավեճ էր ծավալվել՝ նվիրված Միացյալ Թագավորության բանակի զարգացման հետագա ուղիներին։

Բանակային հրամանատարությունը կտրականապես դեմ էր արտահայտվում Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի հետագա կրճատման՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի և պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի ծրագրերին։ Գեներալները մասնավորաբար նշում էին, որ բրիտանական բանակն առանց այդ էլ անձնակազմի և սպառազինության տեսանկյունից պատմական նվազագույն ծավալների է հասել։

Այսպես, Մեծ Բրիտանիայի բանակն այսօր ընդամենը 227 միավոր տանկ ունի՝ ամերիկյան բանակի 2500, Հնդկաստանի ավելի քան 3600 և Չինաստանի տրամադրության տակ գտնվող շուրջ վեց հազար տանկերի համեմատ։

Չնայած դրան, ըստ The Times-ի հոդվածագիրների, Բորիս Ջոնսոնի կառավարությունը բանակի հետագա կրճատման, ավելի փոքր և արդյունավետ Զինված ուժեր ստեղծելու հարցում հաստատակամ է։ Կառավարության մշակած ծրագրի համաձայն` բրիտանական բանակի ընդհանուր թվաքանակը առաջիկայում պետք է կրճատվի ևս 10 հազարով՝ հասնելով 72 500-ի։ Բրիտանական տանկերի մեկ երրորդը՝ 77 միավոր, դուրս է գրվելու՝ վերածվելով մետաղի ջարդոնի։

Բրիտանական բանակը հրաժարվելու է նաև Hercules տեսակի բոլոր 14 տրանսպորտային օդանավերից ինչպես նաև Typhoon մակնիշի 24 կործանիչներից և 23 ռազմանավերից։ «Փոխարենը առաջիկա տարիներին Մեծ Բրիտանիայի կառավարությունը միլիարդավոր ֆունտ ստեռլինգներ կծախսի անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության, տիեզերական ծրագրերի և կիբերպաշտպանության վրա», - գրում է The Times-ը՝ հավելելով, որ մեծ գումարներ են առանձնացվելու նաև հեռահար բալիստիկ համակարգեր պատվիրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG