Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյանը ցանկանում է ՀՅԴ-ն ի սպաս դնել Հայաստանի նախկին իշխանություններին. «Դրօշակի» նախկին խմբագիր 


ՀՅԴ «Ազդակ» և «Դրօշակ» պարբերականների երկարամյա նախկին խմբագիր Նազարեթ Բերբերյան

Տակավին Հրանտ Մարգարյանի փաստացի ղեկավարությամբ գործող ՀՅԴ Բյուրոն ցանկանում է իր ազդեցությունը տարածել արևմտյան Ամերիկայի դաշնակցական կառույցի նկատմամբ, որպեսզի այն ևս ի սպաս դնի Հայաստանի նախկին իշխանություններին, Դաշնակցության ներսում վերջին շրջանում սկիզբ առած աղմկահարույց հակասությունները այսօր «Ազատության» հետ զրույցում այսպես մեկնաբանեց մոտ երեսուն տարի ՀՅԴ «Ազդակ» և «Դրօշակ» պարբերականները խմբագրած Նազարեթ Բերբերյանը։

Գրեթե կես դար Դաշնակցության անդամ եղած և 2019-ին կուսակցությունից հեռացված Բերբերյանի պնդմամբ, դեռ 2019 թվականի հունվարին Ստեփանակերտում անցկացված ՀՅԴ Ընհանուր ժողովին Հրանտ Մարգարյանը կուսակիցներին խոստացել էր առավելագույնը չորս տարվա ընթացքում «տուն ճամփել» Նիկոլ Փաշինյանին։

«ՀՅԴ Բյուրո անունով կոչվող օղակը կփորձե նվեր տալ այն ուժերին, որոնք իշխանության վրա չեն գտնվում Հայաստանում, բայց որոնք տակավին պետական ապարատը, վերնախավը՝ բանակից մինչև նախարարություններ, իրենց նշանակած կադրերով տակավին և իրենց հափշտակած, կուտակած հարստություններով կուզեն հակակշռել և ՀՅԴ Բյուրո անունով գործող օղակը անոնց գրպանը տեղավորել՝ իր բոլոր հնարավորություններով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բերբերյանը։

Կալիֆորնիայում ավելի քան մեկ դար լույս տեսնող դաշնակցականների «Ասպարեզ» պարբերականում նախօրեին լույս տեսավ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի ստորագրությամբ հայտարարությունը, թե Դաշնակցության Բյուրոն ձգտում է ճնշել տեղի դաշնակցականների ազատ կամարտահայտությունը՝ փորձելով կասեցնել նոր կենտրոնական կոմիտեի ընտրությունը ու փոխարենը նշանակելով այլ կենտրոնական կոմիտե։

Էլ ավելի վաղ՝ մարտի 8-ին, հայտարարությամբ էր հանդես եկել ՀՅԴ Բյուրոն, թե ԱՄՆ-ում Դաշնակցության արևմտյան շրջանի կառույցում երկար տարիներ կուսակցական պատասխանատու պաշտոններ վարած մի խումբ ապօրինի ժողով է գումարել ու ապօրինի մարմին ընտրել։ Բյուրոն տեղեկացնում էր, որ այս ամենի հետևանքով չորս դաշնակցականի է վտարել իր շարքերից։

Կուսակցությունից հեռացված չորս ամերիկահայերը չցանկացան մեկնաբանություն տալ տեղի ունեցածի մասին։

«Չե՞ք տեսնում դուք էս այսպես կոչված 17 խմբավորումների կուսակցությունների մեջ հայտնվելը Հրանտ Մարգարյանի Բյուրոյի․․․ Կարծում եք Հրանտ Մարգարյանը ինքը չէ՞ Բյուրոյի լարերը շարժողը։ 2019 թվականի հունվարին, երբ որ պաշտոնական բացումը կատարվեց Ընդհանուր ժողովի, Հրանտ Մարգարյանը պաշտոնական բացման հանդիսությանը իբրև շրջանավարտ Բյուրոյի ներկայացուցիչ այսպիսի հայտարարություն արեց՝ ասեց, որ՝ ես որոշել եմ Բյուրո չգալ, բայց խոստանում եմ ձեզ, որ մինչև չորս տարի տուն եմ ուղարկելու Նիկոլ Փաշինյանին։ Սա Դաշնակցության բարոյական, գաղափարաական, կազմակերպական ավանդների վրա թքել է տառացիորեն», - նշեց Նազարեթ Բերբերյանը։

Գրեթե քսան տարի՝ 2000-2019 թվականներին, ՀՅԴ Բյուրոնի ներկայացուցիչ եղած Հրանտ Մարգարյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե չի ցանկանում հարցազրույց տալ։

ՀՅԴ Բյուրոի անդամ Կիրո Մանոյանը երեկ «Ազատության» հետ զրույցում արձագանքելով Բյուրոյի հասցեին հնչող մեղադրանքներին, ասաց, թե արևմտյան Ամերիկայի դաշնակցականների ժողովը հակականոնագրային է եղել․ - «Կանոնագրով պահանջված պայմանները չէր լրացրել, և դրա համար էլ պետք չէր, որ գումարվեր։ Իսկ մնացածը կազմակերպության կանոններով ճշտված աշխատելաձև է, որ տարբեր իրավիճակներում կուսակցությունը շարժվելու հնարավորություն կունենա։ Եվ դա այնպես չէ, որ այս նշանակովի մարմինը առհավետ նշանակված պիտի մնա։ Փորձելու է այս քովիդի պայմաններում ընտրություններ կազմակերպել և այդ ընտրություններն իրենց արդյունքը կտան»։

XS
SM
MD
LG