Մատչելիության հղումներ

Պաշտոնեական անփութությամբ պետական բաժնեմասով ընկերությունը շուրջ 1.1 մլրդ դրամի վնաս է կրել, հայտնում է դատախազությունը


80 տոկոս պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությունը 2017թ. հայցադիմում է ներկայացրել Երևանի առաջին ատյանի դատարան և խնդրել է անվավեր ճանաչել «N» ԲԲ ընկերության հետ 2016-ին կնքած «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերն», ինչպես նաև վերջինից բռնագանձել 1.1 միլիարդ դրամ, հայտնում է դատախազությունը:

Դատարանը մերժել է ընկերության պահանջը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճիռը թողել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի բերած վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:

Սակայն ըստ դատախազության` պարզվել է, որ Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը, ինչպես նաև ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն, սակայն չի ներկայացրել գույքային դրության վերաբերյալ ապացույցներ:

Այսինքն՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք վկայակոչված քաղաքացիական գործի շրջանակներում օժտված լինելով դատարանի կողմից բաշխված բեռի ապացուցման պարտականությամբ, 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը, ինչպես նաև չեն շտկել վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները: Դրա հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.1 միլիարդ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, այլև ծանրաբեռնվել է նաև շուրջ 56 միլիոն դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրա հետևանքով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջանալու հանցավոր արարքի առերևույթ կատարման հատկանիշներ պարունակող տվյալներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG