Մատչելիության հղումներ

Գյումրեցի գործարարները դատի են տվել քաղաքապետարանին՝ որպես վնասի փոխհատուցում պահանջելով 54 միլիոն դրամ


Գյումրիի քաղաքապետարանի շենքը
Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Հայցը ներկայացնողը Հովհաննես Գրքիկյանի ընտանիքն է։ Գրքիկյանը Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի մտերիմ ընկերներից է և Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցնում էր քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնը։

Հայցը ներկայացրել են Գրքիկյանի ընտանիքին պատկանող «Դվին» հանդիսությունների սրահի սեփականատերեր Անահիտ Գրքիկյանն ու Արմեն Մովսիսյանը։ Վեճի առարկան հանդիսությունների տան հետնամասում գտնվող երկհարկանի շինությունն է, որի շահագործման համար ակտ չի տրամադրել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Աննա Մանուկյանն ասում է, թե քաղաքային իշխանությունը շահագործման ակտը չտրամադրելու հիմնավոր պատճառ է ունեցել․ - «Դիմումով ներկայացվել են կից փաստաթղթեր, խնդրել են տրամադրել շահագործման ակտը։ Սակայն համայնքի ղեկավարը, հաշվի առնելով հարևանությամբ բնակվող անձանց դիմում-բողոքները՝ կապված այդ տարածքի ելումուտի ճանապարհը փակվելու հետ, մերժել է փաստագրման ակտ տրամադրելը»։

Դատական կարգով, այնուամենայնիվ, հանդիսությունների տանը հաջողվել է ստանալ շահագործման թույտվությունը, բայց, ըստ հայցվորների, քանի որ 2013-ից մինչև 2017 թվականը օբյեկտը չի շահագործվել, հիմա ավելի քան 100 հազար դոլարի վնասի փոխհատուցում են պահանջում։

«Մեկ միլիոն երկու հարյուր հազարի կարգի վարձավճար է ամսեկան որոշվել, որ ենթակա էր օգուտ որպես ստանալու, սակայն չեն ստացել իրենք էդ օգուտը, և ըստ այդմ 44 ամիսների համար հաշվարկվել է 54 միլիոն դրամ։ Մենք փաստահավաք գործունեություն ենք ավելի շատ էս պահին իրականացնում, փորձում ենք հայտարարություններ վերցնել այդտեղ միջոցառումներ անցկացրած քաղաքացիներից։ Բոլորն էլ, կարծում եմ, կփաստեն, որ շինությունը հաստատ հարկադիր պարապուրդի մեջ չի գտնվել», - նշեց Մանուկյանը։

Հայցվորների ներկայացուցիչ Վազգեն Թադևոսյանը «Ազատությանը» բանավոր փոխանցեց, թե քաղաքապետարանը խախտել է իր վստահորդների իրավունքները, և հիմա դատարան դիմելով ու փոխհատուցում պահանջելով՝ նրանք պարզապես օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից։

Քաղաքապետարանը վնասի փոխհատուցման պահանջը անհիմն է համարում, քանի որ, ինչպես նշում են, հարսանայաց տան նշված հատվածը, չնայած շահագործման թույլտվություն չի ունեցել, այդուհանդերձ շահագործվել է:

Դատարանում քաղաքապետարանի շահերը ներկայացնելու համար ավագանին 2 միլիոն 700 հազար դրամ է հատկացրել։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, դիմելով ավագանու անդամներին, ասաց, որ բոլորը, այդ թվում ինքը նշված տարիներին եղել են այդ հանդիսությունների տանը ու տաշի-տուշի արել, խաշ կերել․ - «Թույլատրությունը տվինք, նորից հետո էլ կըսե՝ թույլատրությունը տվել ես, լավ ես արել։ Ինքը աշխատացրել է, տաշի-տուշին արել է, բոլորդ կերել-խմել եք, երևի բոլորս, ես էլ եմ եղել․․․ հլը էս մարդը փող կուզե․․․ Ստիպված ենք էսօր հատուկ փաստաբանական ծառայություն վարձել, որպեսզի կարողանանք մենք պայքարենք»։

13 տարի Գյումրի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո 2012-ին իր թիմով հեռացած Վարդան Ղուկասյանն ու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը հաճախ են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնում։

Հովհաննես Գրքիկյանը, ով Ղուկասյանի ամենամտերիմներից մեկն է, 2013-ին հափշտակության համար մոտ մեկ տարի անցկացրեց բանտում։ Նա, ըստ քրեական գործի, Գյումրու քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով 80 միլիոն դրամ էր փոխանցել «Գյումրեցի ընկերներ» կազմակերպությանը, սակայն գումարը իր նպատակին չէր ծառայել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG